Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Գվելեթի - Դարիալ ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի

17.06.2014, 12:11
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի - Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի - Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:

Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի - Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:

«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:

Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:

Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար:

«Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որոնք վթարված հատվածում 24 - ժամյա դիտարկում են անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- նշեց Խոկրիշվիլին։

Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց, առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։-0-