Սուրհանդակային առաքում և լիազորագիր. կառավարությունը պարզեցնում է կենսաթոշակների անկանխիկ ստացման կարգը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց թոշակները կստանան անկանխիկ եղանակով: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց փոփոխությունների մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է:
«Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու այնպիսի քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից», - ասաց Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում են սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակցի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, քանի որ կան քաղաքացիներ, որոնք այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել:
«Կան նաև որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից»,- նշեց Թորոսյանը։
Նա տեղեկացրեց, որ 2026 թվականի փետրվարի 26-ի դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15 հազար է՝ ընդգծելով, որ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր 50 հազար մարդ։
Թորոսյանը հիշեցրեց, որ մարտի 5-ից այն քաղաքացիները, որոնք բանկ չեն ընտրել, ֆինանսական կազմակերպությունների միջև կբաշխվեն ավտոմատ կերպով։
Նախարարը ընդգծեց, որ քանի որ կենսաթոշակները բաշխվում են նախապես, հետևաբար այս քաղաքացիներն անկանխիկ եղանակով կստանան նաև նոր չափի կենսաթոշակները: