Huffingtonpost–ը Հայաստանի հետ ծանոթանալու ծրագիր է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Huffingtonpost պարբերականն իր կայքում Հայաստանի հետ ծանոթանալու հետաքրքիր ծրագիր է տեղադրել` ներկայացնելով այն տեսարժան վայրերը, որոնք պետք է այցելեն Հայաստան մեկնող զբոսաշրջիկները։
Հրապարակման համաձայն` Հայաստանի մշակութային ժառանգության հետ ծանոթությունը հարկ է սկսել Գեղարդի վանքից, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության համաշխարհային ցուցակում է։
Գեղարդից 15 րոպեի ճանապարհի վրա մեր թվարկության առաջին դարի Գառնու հնագույն տաճարն է։ Դա նախկին Խորհրդային Միության տարածքում պահպանված հեթանոսական միակ տաճարն է։
Երևանի մշակութային և պատմական հետաքրքիր օբյեկտների թվում Huffingtonpost–ը նշում է Հաղթանակի այգին, որի տեսարժան վայրը Մայր Հայաստան 21–մետրանոց բրոնզե արձանն է։
«Անհնար է չհիանալ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակի գեղեցկությամբ։ Դա օվալ է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն այնպես, որ այն կարպետ հիշեցնի։ Հրապարակի երկայնքով տեղակայված են Ազգային պատկերասրահի, Պատմության ազգային թանգարանի շենքերը և մի քանի կառավարական շենքեր։ Ամռանը հրապարակը զարդարում են «երգող շատրվանները»»։
Թամանյանը Երևանը նախագծել է որպես երկու կենտրոնով քաղաք, որոնցից փոքրը Ազատության հրապարակն է, որտեղ գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Ազատության հրապարակը Հյուսիսային պողոտայի մեծ հետիոտն ճանապարհով միանում է Հանրապետության հրապարակին։
Քաղաքի կենտրոնի ամենատպավորիչ վայրը Կասկադ ճարտարապետական համալիրն է։
Հայկական մայրաքաղաքում ճանապարհորդության հաջորդ կանգառը 1915 թվականի Հայոց ցեղասպանության «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրն է և Ցեղասպանության թանգարանը։
Այդ յուրօրինակ զբոսաշրջային տեղեկատուի հեղինակները չեն շրջանցել նաև Խոր Վիրապի մենաստանը, որի շինարարությունը սկսվել է մ.թ. 642 թ.-ին և որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռը։--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:03 15.05.2014