Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

«ՏաԹևեր» ճոպանուղու տոմսերն արդեն հնարավոր է գնել օնլայն եղանակով

10.07.2015, 12:45
Տաթև այցելող և «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել օնլայն եղանակով՝ այցելելով ճոպանուղու պաշտոնական կայք՝ www.tatever.am, հաղորդում է «ՏաԹևեր» ճոպանուղու մամուլի ծառայությունը։
«ՏաԹևեր» ճոպանուղու տոմսերն արդեն հնարավոր է գնել օնլայն եղանակով
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տաթև այցելող և «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել օնլայն եղանակով՝ այցելելով ճոպանուղու պաշտոնական կայք՝ www.tatever.am, հաղորդում է «ՏաԹևեր» ճոպանուղու մամուլի ծառայությունը։

«Սա հայաստանյան զբոսաշրջային ուղղություն ներկայացնող առաջին կայքն է, որը տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է առաջարկում: Այս մեխանիզմը հաջողությամբ կիրառվում է արտերկրում և, հատկապես, զարգացած զբոսաշրջային կենտրոններում», – նշում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

Նրա խոսքով` այդ համակարգի ներդրման նպատակն է օգտագործել միջազգային լավագույն փորձը և ավելի մատչելի ծառայություններ մատուցել ճոպանուղի այցելող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը և վայելել Տաթևը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գարնանը ճոպանուղում ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություններ մատուցել:

«Տոմսերի գնման օնլայն համակարգը ինտեգրված է SKIDATA-ի համակարգի հետ, և երբ այցելուն ցանկանում է կայքի միջոցով գնել տոմսը, նրան առաջարկվում է ընտրել իրեն հարմար օրը եւ ժամը, այնուհետև այդ միջակայքում ընտրել ազատ չվերթը», – նշել է կայքի պատրաստման և տոմսերի գնման օնլայն համակարգի ներդրման աշխատանքներն իրականացրած BigBek ընկերության ղեկավար Գարիկ Գյուլասարյանը:

Գյուլասարյանի խոսքով` վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, անվտանգությունը երաշխավորվում է բանկային համակարգում կիրառվող ծրագրային ապահովման համակարգով:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ արդիականացվել է նաև «ՏաԹևեր» ճոպանուղու պաշտոնական կայքը:

Այցելուն ոչ միայն կարող է տոմս գնել, այլ նաև տեղեկանալ զբոսաշրջային այս տարածաշրջանում մատուցվող տարբեր ծառայությունների, կազմակերպվող միջոցառումների, գործող հյուրանոցների ու հյուրատների վերաբերյալ, գտնել այն ողջ տեղեկատվությունը, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկին, ընդ որում՝ ոչ միայն Տաթևի տարածքի, այլև ճանապարհին գտնվող տեսարժան վայրերի մասին:

«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ  2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։

ՏաԹևեր ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ճոպանուղու կարգավիճակը։