Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

EXPO 2017–ն Աստանայում կցուցադրի մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ

08.02.2013, 15:30
Աշխարհում էներգառեսուրսների պակասը ստիպում է գերտերություններին այդ խնդրի լուծման նոր ուղիներ փնտրել։ Եվ եթե սպորտի բնագավառում առաջատարները որոշվում են Օլիմպիական խաղերի ընթացքում, ապա նորարարությունների զարգացման ոլորտում այդպիսի հարթակ է համարվում EXPO միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ 2017 թվականին դրա տանտերը կդառնա Ղազախստանը։ Հարթակի հիմնական թեման կլինի «Ապագայի էներգիան»։ Ընդգծենք, որ մարդկային ձեռքբերումների ցուցադրումը կանաչ էներգետիկայի ոլորտում կանցկացվի մի երկրում, որտեղ այս ոլորտը մշտապես անկյունաքար է համարվել։ Թերևս, դա էլ կդառնա առաջիկա միջոցառման «մեխը»։
EXPO 2017–ն Աստանայում կցուցադրի մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհում էներգառեսուրսների պակասը ստիպում է գերտերություններին այդ խնդրի լուծման նոր ուղիներ փնտրել։ Եվ եթե սպորտի բնագավառում առաջատարները որոշվում են Օլիմպիական խաղերի ընթացքում, ապա նորարարությունների զարգացման ոլորտում այդպիսի հարթակ է համարվում EXPO միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ 2017 թվականին դրա տանտերը կդառնա Ղազախստանը։ Հարթակի հիմնական թեման կլինի «Ապագայի էներգիան»։ Ընդգծենք, որ մարդկային ձեռքբերումների ցուցադրումը կանաչ էներգետիկայի ոլորտում կանցկացվի մի երկրում, որտեղ այս ոլորտը մշտապես անկյունաքար է համարվել։ Թերևս, դա էլ կդառնա առաջիկա միջոցառման «մեխը»։

Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումներով, առաջիկա քառորդ դարում մարդկությունը միաժամանակ կբախվի երկու գլոբալ վտանգների հետ։ Դա էներգառեսուրսների պակասն է և բնապահպանական աղետները։ Երիտասարդ Ղազախստանի` մի երկրի, որը 1991 թվականի դեկտեմբերին դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, իշխանությունները ի գիտություն են առել այս թեմատիկան, որ ձայների մեծամասնություն հավաքեն EXPO-2017–ն իր մոտ ընդունելու իրավունքի համար։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի գլխավոր մրցակիցը բելգիական Լյոժն էր` բավականին լուրջ մրցակից, որն արդեն նմանատիպ ցուցահանդեսների անցկացման փորձ ունի։ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի (ՑՄԲ) Գերագույն ասամբլեայում Բելգիան առաջարկել է «Միավորելով մարդկանց» թեման։ Սակայն ՑՄԲ–ի 161 անդամ պետությունների ներկայացուցիչների գաղտնի քվեարկության ընթացքում հենց Աստանային էր տրվել ձայների մեծամասնությունը։ Ղազախական հայտին կողմ են հանդես եկել բյուրոյի 103 անդամ երկիր, դեմ են քվեարկել 44–ը։

Այդ մասշտաբի ցուցահանդեսներ չեն անցկացվել ոչ միայն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այլ նաև ողջ Անկախ պետությունների համագործակցությունում։ Հնարավոր է` Աստանային քարտ–բլանշ տրվեց այն կապակցությամբ, որ այդ տարածաշրջանում վերջին երկու տարիների ընթացքում արդեն երկու խոշոր միջազգային միջոցառում է անցկացվել։

2010 թվականի դեկտեմբերի 1-2–ին Աստանայում կազմակերպվել էր ԵԱՀԿ գագաթնաժողով։ Ստամբուլում նման գագաթնաժողովի անցկացումից վերջին 11 տարիներից հետո առաջին անգամ մեկ սեղանի շուրջ հանդիպեցին պետությունների  ղեկավարներ և ԵԱՀԿ 56 անդամ երկրների բարձրաստիճան դիվանագետներ։

Մեկ ամիս անց Ղազախստանն առաջինն էր Կենտրոնական Ասիայի երկրների շարքում, որ օգտվեց Ասիական 4–րդ ձմեռային խաղերի անցկացման իր իրավունքից։ 2011 թվականի հունվարի 31–ից փետրվարի 6–ը երկրի պաշտոնական և ֆինանսական մայրաքաղաքներում` Աստանայում և Ալմաթիում, անցկացվեցին մրցումներ 26 երկրների մարզիկների մասնակցությամբ։

Բայց նախորդ երկու միջոցառումները չեն համեմատվի ЕХРО–ի անցկացման հետ, որի ընթացքում Ղազախստան կարող են այցելել, ամենահամեստ հաշվարկներով, մոտ 5 միլիոն մարդ աշխարհի 100 երկրներից և շուրջ 10 միջազգային կազմակերպություններ։ Համեմատության համար, պաշտոնական տվյալներով, Աստանայում ապրում է 758 հազար մարդ։

Հասկանալով, թե ինչ լուրջ փորձություն է Ղազախստանի երիտասարդ մայրաքաղաքի համար EXPO-2017–ի անցկացումը, ՁՄԲ նախագահությունը հաշվի է առել այն փաստը, որ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները կանցկացվեն երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության և անմիջական օժանդակության ներքո։

Դեռևս Փարիզում, հենց որ ընդունվեց ԷՔՍՊՈ-2017–ն Աստանայում անցկացնելու մասին որոշումը, ՂՀ վարչապետ Քայրաթ Կելիմբետովը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ապագայի էներգիայի բնագավառում հետազոտությունների աջակցության համար Ղազախստանում ստեղծվել է  ЕХРО-2017 Հիմնադրամ։ Դրանում կենտրոնացված է ավելի քան 62 միլիոն եվրո, որոնք կհատկացվեն ավելի քան 69 զարգացող երկրների էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման հարցերով հետազոտական նախագծերի և գիտական մշակումների ֆինանսավորմանը։ Միջազգային մասնագիտացված EXPO-2017 ցուցահանդեսի անցկացումը, հաշվի առնելով ներգրավված գումարները, կարժենա 1.2 միլիարդ եվրո։ Դրանցից 250 միլիոն եվրո կհատկացվի երկրի պետական բյուջեից անցկացման վայրի նախապատրաստմանը։ Ֆինանսավորման առյուծի բաժինը` մոտ մեկ միլիարդ եվրո, կպահանջվի տաղավարների, հյուրանոցների և ենթակառուցվածքի կառուցմանը։

Բազմաթիվ երկրների կառավարություններ հոռետեսորեն են վերաբերվում այս ցուցահանդեսի կազմակերպմանը` հսկայական ծախսերի հետ կապված։ EXPO պատմությունն այդքան էլ շատ չէ դրանց անցկացումից հետո մեծ շահույթ ունենալու օրինակներով։

Սակայն կան որոշ բացառություններ։ Ամենաթարմ օրինակը` Չինաստանի տարածքում ԷՔՍՊՈ–2010 պատմության մեջ առաջին համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսը։ Իրադարձությունը, որին մասնակցեցին ավելի քան 190 երկրներ և ավելի քան 73 միլիոն մարդ, կազմակերպիչներին 12 միլիարդ դոլարի շահույթ բերեց։

Սակայն միայն հյուրընկալող երկրները չեն, որ եկամուտ են ունենում։ Տասնապատիկ եկամուտ ստանալու վառ օրինակ է Հոլանդիայի դեպքը, երբ այս երկրի  ներկայացուցիչները ԷՔՍՊՈ–2010–ի իրենց ցուցատաղավարը տեղադրեցին Հանովերում։ Ներդնելով ավելի քան 35 միլիոն եվրո` նիդեռլանդացիներն իրենց տնտեսություն ներգրավեցին մոտ 350 միլիոն եվրո։

Իսկ ցուցահանդեսի տանտիրոջ` Գերմանիայի համար, ԷՔՍՊՈ–2000–ը վնասով ավարտվեց։ Երկիրը դրա անցկացումից կորցրեց շուրջ 1.2 միլիարդ եվրո։ Սպասված 40 միլիոն մարդու փոխարեն ցուցահանդես այցելեց ընդամենը 18 միլիոն։ Այդ ժամանակ EXPO-2000–ի վնասները պատճառ դարձան, որ Ֆրանսիան (հաջորդ ցուցահանդեսի կազմակերպիչը) հրաժարվեց անցկացնել EXPO-2004–ը Սեն–Սեն–Դենիում։

Եվ այստեղ պետք է նկատի ունենալ ոչ միայն ցուցահանդեսի ուղիղ տնտեսական էֆեկտը, այլ նաև EXPO–ից ակնկալվող հավելյալ եկամուտները։ Կանադայում 1967 թվականին EXPO–ի անցկացումն արժեցավ 283 միլիոն կանադական դոլար (178 միլիոն եվրո), բայց այդ միջոցառումից շահույթը ստացվեց նույն  տարում զբոսաշրջությունից երկրի ունեցած եկամուտների աճի շնորհիվ։

Չի բացառվում, որ EXPO–ի անցկացումն առիթ կդառնա Աստանայում նոր տեսարժան վայրերի առաջացման համար։ Հիշեցնենք, որ հենց այդ ցուցահանդեսի կապակցությամբ 1851 թվականին կառուցվեց Լոնդոնի Հայդ–փարքի աշխարհահռչակ Բյուրեղապակյա պալատը։

Բավական է հիշել, որ Ֆրանսիայի խորհրդանիշ համարվող Էյֆելյան աշտարակը հատուկ փարիզյան «EXPO-1889»–ից առաջ նախագծել էր ֆրանսիացի ճարտարագետ Գյուստավ Էյֆելը։

Աստանան, որը կարելի է համարել խոշորագույն շինհրապարակ, Ղազախստանում կատարվող գործնականորեն յուրաքանչյուր նշանակալի իրադարձության առիթով ներ ճարտարապետական օբյեկտ է ներկայացնում։

Համաշխարհային անուններ ունեցող ճարտարապետներ Կիսե Կուրոկավայի և Նորման Ֆոստերի մասնակցությամբ 1997 թվականին ղազախական մայրաքաղաքի տեղափոխման պահից նախկին Ակմոլայի մակերեսը (այդպես էր նախկինում կոչվում Աստանան) ավելացել է գրեթե երեք անգամ` 258–ից մինչև 710.2 քառակուսի կիլոմետր։

Ղազախական կողմը հույս ունի մասնավոր ներդրումների զգալի ծավալներ ներգրավել նոր ցուցահանդեսային օբյեկտների և ենթակառուցվածքի կառուցման համար։ Աստանայում ЭКСПО-2017 առաջիկա ցուցահանդեսը դիտարկում են որպես քաղաքի զարգացման նոր փուլի խթան։

Արդեն հողատարածք է ընտրվել ապագա ԷՔՍՊՈ–կենտրոնի կառուցման համար` քաղաքի ենթակառուցվածքային զարգացումը հաշվի առնելով։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 113 հա, որից 25 հեկտարը հենց ինքը համալիրն է, իսկ մնացած մասը նախատեսված է EXPO-2017–ի կայանատեղիի, արտաքին հարդարման և քաղաքի կառուցման համար։

Նշենք նաև, որ Շանհայում հատուկ ցուցահանդեսի անցկացման համար կառուցվեցին Շանհայի մետրոպոլիտենի մի քանի գծեր։ Պորտուգալիայում, օրինակ, 1998 թվականին այցելուների ակնկալվող հոսքին «դիմանալու» համար մշակվեց ծրագիր, որն ընդգրկում էր Եվրոպայի ամենաերկար Վասկո դա Գամա կամուրջը, յոթ կայարաններով (5 պատրաստ էին բացման ժամանակ) Լիսաբոնի մետրոյի նոր գիծը, նոր գլխավոր տերմինալը, գնացքներ, մետրո, ավտոբուսներ և GaredoOriente տաքսիները։

Պետք է ուշադրություն դարձնել նաև, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր են արդյունաբերության վերամշակող ճյուղերի զարգացման ծրագրեր իրականացնել։ Երկրի կառավարության կողմից տարվում է հզորացված ինդուստրիալիզացման քաղաքականություն։ Դրական արդյունքների դեպքում նոր արտադրությունների ներդրումն էներգասպառման աճի կհանգեցնի։

Հաշվի առնելով Ղազախստանի ընդերքում ածխի զգալի ծավալը (համաշխարհային պաշարների 3,6 տոկոսը)` Կենտրոնական Ասիայի այս երկրի էներգետիկան հիմնվում է հիմնականում ածխի բաղկացուցիչի վրա։

Այնուամենայնիվ, Ղազախստանն իր քաղաքականությունը կառուցում է այնպես, որ 2030 թվականին էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը երկրի գեներացնող հզորությունների կառուցվածքում ավելացել է մինչև 11 տոկոսով։ Ղազախստանի իշխանությունները հույս ունեն, որ, հաշվի առնելով ԷՎԱ զարգացումն աշխարհում, այդ տեխնոլոգիաները կէժանացվեն։

Խորհրդանշական է, որ Աստանայի ցուցահանդեսային տարածքի էներգամատակարարումը կապահովվի էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին։ Այսպիսով, Աստանան յուրատեսակ «Ապագայի քաղաք» կլինի։ Իսկ համաշխարհային էներգետիկայի զարգացման ձեռքբերումների ներկայացումը EXPO-2017–ի շրջանակներում էլ ավելի կընդլայնի Ղազախստանի վերականգնվող էներգետիկայի հորիզոնները։ -0-Ն.Ա.

Լուսինե Կարապետյան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության  համար