Հայաստանն առաջատարն է «Արևելյան Եվրոպա+» խմբում․ Global Entrepreneurship Report

ԵՐԵՎԱՆ. 30 հունիսի․\ԱՌԿԱ\. Հայաստանը 2024 թ․-ին գրանցել է ձեռներեցության բարձր աստիճան՝ Global Entrepreneurship Report-ում զբաղեցնելով առաջին տեղը Արևելյան Եվրոպա+ խմբում և 51 երկրների շարքում՝ 5-րդ տեղը։
Հիմնական թեզերը
«Ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում: Ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում,-ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը և կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։ Կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։
«Ձեռնարկատիրական միջավայրը բնորոշող ցուցանիշներից ձեռնարկատիրական կրթությունն ամենացածր գնահատականին է արժանացել փորձագետների կողմից։ Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է՝ հատկապես կայացած բիզնեսների շրջանում,-ասվում է զեկույցում։»
Զեկույցի ակտուալությունը
«Այս զեկույցի թողարկումը հատկապես ժամանակին է․ այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ և համապարփակ գնահատական Հայաստանում և համեմատում է մեր առաջընթացը գլոբալ համատեքստում», – ասվում է զեկույցի մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձում։
Հայաստանում ձեռներեցությունը պահանջում է ավելի համապարփակ մոտեցում
«Զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական՝ այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից և կենտրոնանում է կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը և երկարաժամկետ գոյատևմանը»,-մեկնաբանելով զեկույցը՝ ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն, «Global Entrepreneurship Report»-ի ազգային թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նա նշեց, որ հարցումն անցկացվել է 2024 թ․-ի ապրիլ-հունիսին, որին մասնակցել է ՀՀ-ի ավելի քան 2000 բնակիչ և 37 փորձագետ։
«Արդյունքները բավականին հետաքրքիր են, քանի որ մենք հնարավորություն ունեցանք համեմատել ինչպես մեր 2019 թ․-ի արդյունքների, այնպես էլ համաշխարհային տվյալների հետ։ Այս հարցումն անցկացվում է միաժամանակ ամբողջ աշխարհում՝ նույն մեթոդաբանությամբ, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ ունենք լիովին համեմատելի տվյալներ։ Պետք է ասել, որ մեր հասարակությունն ունի բավականին բարձր ձեռնարկատիրական կողմնորոշում՝ համեմատած այլ երկրների հետ», - ասաց Ջրբաշյանը։
Նրա խոսքով, այս ցուցանիշը շատ հետաքրքիր է, հատկապես հաշվի առնելով, որ նախկին Խորհրդային Միության բնակիչները միշտ բավականին ցածր հետաքրքրություն են ցուցաբերել ձեռներեցության նկատմամբ։
«Պետք է ասել, որ, իհարկե, այս ցուցանիշը նվազել է 2019 թվականի համեմատ։ Պատճառն այն էր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ապագայի մասին շատ ավելի ռոմանտիկ պատկերացումներ կային։ Հետագայում, ցավոք, բոլոր ճգնաժամերը, որոնք ապրել է մեր երկիրը, հանգեցրին այս միտման թուլացմանը», - ասաց Ջրբաշյանը։
Հայկական բիզնեսի խնդիրները
Միևնույն ժամանակ, նա նշեց խնդիրները, մասնավորապես՝ գենդերային մասնակցության առումով։
«Այս ցուցանիշով մենք բավականին ցածր դիրք ենք զբաղեցնում, նույնիսկ՝ իսլամական այն երկրների համեմատ որտեղ, որպես կանոն, կանայք շատ ավելի համեստ դեր ունեն ձեռնարկատիրության մեջ։ Կա տարածքային անհավասարության խնդիր, քանի որ ձեռնարկատիրություը հիմնականում կենտրոնացած է Երևանում», – ասաց Ջրբաշյանը։
Նրա խոսքով՝ սա ևս հաստատվում է մեկ այլ հետազոտության արդյունքներով, ըստ որի՝ գյուղատնտեսությունը դառնում է պակաս գրավիչ, իսկ ձեռնարկատիրությունը տեղափոխվում է դեպի տարածաշրջանային քաղաքներ։
«Մեր հետազոտությունները, որպես կանոն, նպատակ ունեն նաև ջարդել այն ծուռ հայելիների իրականությունը, որ մենք ապրում ենք և շատ հաճախ ստերեոտիպներով ուղղորդված ինչ–որ որոշումներ ենք կայացնում կամ կարծիքներ ենք հայտնում։ Մասնավորապես, շատ կարևոր է, որ խնդիրների մեջ առաջնային խնդիրներից առաջինը մեր ձեռներեցության, կոմպետենցիաների և կրթվածության մակարդակն է», – ասաց Ջրբաշյանը։
Որպես մեկ այլ լուրջ խնդիր նա նշեց տարբեր տեսակի թվային գործիքների ոչ բավարար օգտագործումը։
«Լավագույն դեպքում դա Facebook-ն է, Instagram-ը, սակայն աշխարհը շատ ավելի լայն ու բազմազան է, օրինակ՝ արհեստական բանականությունը։ Սակայն մեր ձեռնարկատերերը թվային այդ գործիքում տեսնում են միայն եկամուտը բարձրացնելու հնարավորություն, մինչդեռ աշխարհում ԱԲ-ն առաջին հերթին ուղղված է ծախսերի կրճատմանը», – ասաց Ջրբաշյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ի ձեռնարկատիրության ոլորտի հետազոտության նպատակն է հիմքեր ստեղծել համապատասխան ռազմավարությունների, պետական քաղաքականության ձևավորման համար, որոնք պետք է ուղղված լինեն նշված խնդիրների հաղթահարմանը։
Ցուցանիշների բարելավում
Ջրբաշյանը նաև նշեց, որ որոշ ցուցանիշներ բարելավվել են 2019 թվականի հաշվետվության համեմատ։ «2019 թվականին, գուցե ռոմանտիկ պատկերացումներից ելնելով, մենք գերագնահատեցինք մեր ունակությունները ու կոմպետենցիաները։ Հիմա, կարծես, իրավիճակն ավելի պարզ է», - ասաց Ջրբաշյանը։
Նա նշեց, որ ձեռներեցության մեջ միջազգայնացման միտումը մեծացել է։
«Մենք հստակ հասկացել ենք, որ մեր ներքին շուկայի փոքր չափերը, ինչը 2019 թվականին գուցե այդքան էլ ակնհայտ չէր, սահմանափակում են հետագա աճը։ Արտասահմանյան շուկաներ մուտք գործել ձգտող ձեռնարկատերերի թիվը զգալիորեն աճել է։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ստեղծվում են ավելի շատ նոր բիզնեսներ, գալիս են շատ երիտասարդներ։ Կարծում եմ՝ այս երիտասարդացումը հիմք է ստեղծում ապագայի համար», - ասաց Ջրբաշյանը՝ կարևորելով նման ուսումնասիրությունների հաճախականությունը։
Global Entrepreneurship Report Armenia 2024/2025
Հունիսի 27-ին Երևանում կայացավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Այն ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Այսպիսով, զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։
Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: 2024 թվականին Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող երկրներ՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Նորվեգիա և այլն:
Այս տարի ևս, ինչպես և 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:
«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019թ․ արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։
«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։
Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2,000 չափահաս (18-64 տարեկան) բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետի հետ: Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում։
Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների:
Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։