ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը 2019թ.–ին կազմել է 7,8%` դառնալով ամենաբարձր ցուցանիշը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր. ՀԲ

ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճը 2019թ.–ին կազմել է 7,8%` դառնալով ամենաբարձր ցուցանիշը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, նշվում է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները – փետրվար 2020» ՀԲ–ի զեկույցում։

Զարգացում արդյունաբերական հատվածում

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով (բեռնափոխադրումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 25 տոկոս):
«Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է», – նշվում է զեկույցում։

2019 թ. արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը 2018 թ. համեմատ կրկնապատկվեց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ 9 տոկոսի՝ հիմնականում Թեղուտի հանքավայրում հանքարդյունաբերության աշխատանքների վերականգնման շնորհիվ։ Մշակող արդյունաբերությունն աճեց առողջ՝ 7.6 տոկոսանոց տեմպով, թեև այն ցածր էր 2018 թ. գրանցված 10 տոկոսանոց աճից: 2019 թ. շինարարական արտադրանքն ավելացավ 4.5 տոկոսով՝ նույն աճով ինչ մեկ տարի առաջ:

Գյուղատնտեսական արտադրանքը շարունակեց կրճատվել 2019 թ.-ին, թեև ավելի դանդաղ տեմպով, քան 2018 թ.-ին (շուրջ 4 տոկոսով 2019 թ.-ին, 2018 թ.-ի 7 տոկոսանոց անկման համեմատ): Ձկնաբուծությունը գյուղատնտեսության միակ ենթաճյուղն էր, որն աճեց։

Ցածր գնաճի պահպանում

2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվեց (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղեց:

Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով:

«Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս», – նշվում է ՀԲ–ի զեկույցում։

Չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը:

Առևտրային պակասուրդ

Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվեց ներմուծման 52 տոկոսանոց աճ՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ:

Ներմուծման աճի գրեթե մեկ քառորդը պայմանավորված էր դեկտեմբերին ավտոմեքենաների ներմուծման արտասովոր բարձր ցուցանիշով՝ 2020 թ. հունվարից մաքսատուրքերի բարձրացմանն ընդառաջ: 2019 թ. ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա՝ 2018 թ. 64 հազարի համեմատ:
Դեկտեմբերին աճել է նաև հանքանյութերի և քիմիական արտադրանքների ներմուծումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար 10 և 20 տոկոս տարեկան աճով:

2019 թ. առևտրի աճողական տվյալները ցույց են տալիս, որ ներմուծման առաջանցիկ աճով (10,8 տոկոս), համեմատ արտահանման (9,4 տոկոս) աճի, առևտրի պակասուրդը վատթարացավ ավելի քան 300 միլիոն դոլարով:

Ապրանքների արտահանման կառուցվածքը ցույց է տալիս, որ երեք հիմնական ապրանքախմբերում կենտրոնացում կա. ա) հանքանյութեր (բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 28 տոկոսը), բ) քարեր և մետաղներ (26 տոկոս), գ)սննդամթերք (24 տոկոս):
Ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր էր: Միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել էր 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր էր արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով:

Ազգային արժույթի փոխարժեքի վարքագիծ

Դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվեց 2020 թ. հունվարին: Անվանական Դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը դեկտեմբերին արժեզրկվեց 0.4 տոկոսով, սակայն հունվարին սկսեց արժևորվել. Տատանումները հարթելու համար ԿԲ-ն միջամտեց և շուկայից գնեց ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար:

Բյուջետային պակասուրդ

Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի:

Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի:
Կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված էր նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:

Վարկեր և ավանդներ

Վարկերը և ավանդները 2019 թ.-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար 17 և 21 տոկոսով՝ վարկեր-ավանդներ հարաբերակցությունը փոքր-ինչ բարելավելով, որը կազմեց 1.02 տոկոս:

Դրամային պորտֆելի ավելի առաջանցիկ աճի պայմաններում վարկերի դոլարացումը նվազեց՝ 2019 թ. վերջին կազմելով 51 տոկոս՝ 2018 թ. 56 տոկոսի համեմատ: 2019 թ. ոլորտը կայուն պահպանվեց, ընդ որում՝ կապիտալի համարժեքության կուռ, շահութաբերության բարելավվող և չաշխատող վարկերի կառավարելի ցուցանիշներով։
Հայաստանի 2019թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված էր 4,9%–ի չափով, գնաճը` 2,7%։ ԿԲ–ն 2019թ.–ի արդյունքում տնտեսական աճն ակնկալում է 7,5%–ի սահմանում։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019թ.–ի դեկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 0,7%։ Միաժամանակ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, երկրում գրանցվել է 1,3%–ի գնաճ, 2019թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 1,4%։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:13 14.02.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×