Ամերիաբանկը մեկնարկել է երկու նոր ծառայություն զարգացման թվային ռազմավարության շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ներկայացրել է երկու նոր ծառայություն, որոնցով մեկնարկում է բանկի զարգացման թվային ռազմավարության գործնական իրագործումը։
«Մի քանի տարի առաջ հայտարարվեց, որ մանրածախ բիզնեսի զարգացումը Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից մեկն է։ Հիմա մենք ներկայացնում ենք սպառողական վարկավորման երկու նոր ծառայություն։ Խոսքը, մասնավորապես, սկորինգ –վարկերի և ապառիկի ծառայությունների մասին է», – նախօրեին լրագրողներին հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Ավելի քիչ թղթեր, ավելի շատ ավտոմատիկա
Խոսելով սկորինգ–վարկերի մասին` Բարսեղյանը նշեց, որ մարտի 6–ից Ամերիաբանկը ֆինանսական շուկայում ներկայացրել է աննախադեպ առաջարկ` առցանց ռեժիմում սպառողական վարկեր ստանալու հնարավորություն։ Նրա խոսքով, հաճախորդը հաշված րոպեների ընթացքում կարող է ստանալ 100 հազարից մինչև 10 մլն դրամի վարկ առանց գրավի և/կամ երաշխիքի։ Միաժամանակ, մինչև մարտի 31–ը վարկի տրամադրման և սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում։
«Խոսքը բավականին մեծ ծավալի վարկերի մասին է։ Հաճախորդները հնարավորություն ունեն հենց տեղում ստանալ վարկի մասին որոշում առանց փաստաթղթեր ներկայացնելու և չսպասելով բանկի կողմից իրականացվող վերլուծությանը։ Վարկը կարելի է ստանալ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ առցանց և բջջային բանկինգի միջոցով, եթե հաճախորդը Ամերիաբանկի քարտապան է», – ասաց նա։
Բարսեղյանի խոսքով, ծառայությունը, որը նախատեսում է նման մեծ ծավալի վարկերի տրամադրում, նորություն է տեղական շուկայի համար։
«Մենք հաճախորդներին հնարավորություն ենք տվել օգտվել սպառողական վարկավորման գրեթե ողջ շրջանակից առանց երկար վերլուծության և փաստաթղթերի տրամադրման», – ավելացրեց նա։
Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը նաև նշեց, որ սկորինգ–համակարգի այս առաջարկը տարածվում է նաև քարտային ծառայությունների վրա։ Միաժամանակ, սպառողական վարկերը հասանելի են դրամով, իսկ քարտային ծառայությունները, բացի դրամից, հասանելի են նաև եվրոյով և դոլարով, եթե խոսքը օվերդրաֆտի մասին է։
Ամերիաբանկի հաճախորդների համար վարկի հաստատումն ու պայմանագրի կնքումն իրականացվում է առցանց, ինչից հետո վարկի գումարն անմիջապես փոխանցվում է վարկառուի ընթացիկ հաշվի վրա։ Իսկ այն անձինք, ովքեր Ամերիաբանկի հաճախորդները չեն, վարկի հաստատումը առցանց ստանալուց հետո պետք է այցելեն բանկ վարկային պայմանագիրը ստորագրելու համար։
«Հարկ է նշել, որ հաստատումը ստանալու, համապատասխան գնահատում իրականացնելու և որոշում ընդունելու, ինչպես նաև վարկի տրամադրման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է», – պարզաբանեց Բարսեղյանը։
Խանութ` վարկի հետևից
Բարսեղյանը տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Ամերիաբանկը թեստային ռեժիմով ներդրեց գնումների ֆինանսավորման համակարգը, խոսքն ապառիկի վարկավորման ծառայությունների մասին է։
«Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, առավելագույնը` 1,5 մլն դրամ։ Որոշում ընդունելու ընթացակարգը ևս ամբողջովին ավտոմատացված է», – ասաց նա։
Բարսեղյանի խոսքով, ծառայության շրջանակում, որը բանկն իրականացնում է 5 գործընկեր–կազմակերպությունների հետ համատեղ, հաճախորդները կկարողանան անմիջապես գնում կատարելու վայրում դիմել վարկավորման համար, տեղում ստանալ համապատասխան որոշումն ու ձևակերպել վարկը։ Նա ավելացրեց, որ գործընկեր–կազմակերպությունների թիվն ավելանալու է։
«Իհարկե, կան որոշ բացաառություններ, որոնց դեպքում հարկավոր է այցելել բանկ», – ասաց Բարսեղյանը` միաժամանակ պարզաբանելով, որ դա հարկավոր է վարկառուի անձը հաստատելու համար, եթե նա Ամերիաբանկի հաճախորդ կամ քարտապան չէ։
Բարսեղյանը նաև տեղեկացրեց, որ ծառայության ներդրման սկզբից արդեն մշակվել է վարկերի մեծ ծավալ, օրինակ, ապառիկի վարկավորման դեպքում արդեն տրամադրվել է ավելի քան 3 հազար վարկ։
«Այսինքն, առաջին թեստային փուլն արդեն անցել է։ Հաճախորդները հետաքրքրվել են ծառայությամբ, և հիմա հիմնական խնդիրը ընդլայնումն ու առաջխաղացումն է շուկայում», – պարզաբանեց նա։
Այս կապակցությամբ Բարսեղյանը տեղեկացրեց, որ հետագայում թվային ռազմավարության շրջանակում բանկը նախատեսում է նոր նախաձեռնություններ, որոնք առաջիկա ամիսների ընթացքում կներկայացվեն շուկային։
Տոկոսներ, մարման ժամկետներ և ռիսկեր
Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենն ընդգծեց, որ ապառիկի վարկավորման արդյունավետ տոկոսադրույքը չի գերազանցի 24%–ը, իսկ սկորինգ–վարկերի անվանական տոկոսադրույքը կտատանվի 21%–ի սահմանում։
«Սրանք բավականին խելամիտ տոկոսադրույքներ են», – ասաց նա։
Ինչ վերաբերում է մարման ժամկետներին, ապա, Բարսեղյանի խոսքով, ապառիկի վարկավորման դեպքում ամեն ինչ կախված կլինի ձեռք բերվող ապրանքի արժեքից։ Ժամկետը կարող է հասնել 60 ամսվա։
«Սկորինգ–վարկավորման դեպքում, եթե խոսքը սպառողական վարկերի մասին է, ապա ժամկետը ևս կարող է կազմել 60 ամիս», – ասաց տնօրենը։
Բարսեղյանը նաև նշեց, որ նոր ծառայությունների ներդրման փուլում բանկում քննարկվում են հնարավոր բոլոր ռիսկերը։
«Սակայն փորձը ցույց է տալիս, որ վերջնական պատկերացում հնարավոր է կազմել միայն որոշ ժամանակ անց` ծառայությունների ներդրումից և ստացված արդյունքները ստուգելուց հետո», – ասաց Բարսեղյանը։
Նա ընդգծեց, որ կիրականացվեն համապատասխան շտկումներ` ռիսկի և շահութաբերության օպտիմալ հարաբերակցությունը պահպանելու համար։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:58 07.03.2018