ՀՀ վարչապետը հանձնարարել է կառավարությանը դեկտեմբերին աշխատել արտակարգ ռեժիմով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
«Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար», – նշել է Կարապետյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:
Կենսական մարտահրավերներ կրթության համակարգում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը: Քայլեր են կատարվում նաև հանրակրթության համակարգում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ:
Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ. «Ի՞նչ ենք անելու, որպեսզի բարձրագույն կրթությունը բերենք նրան, որ համապատասխանի միջազգային նորմերին, ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»։
Աշխուժացում էկոնոմիկայի մի շարք բնագավառներում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ:
Ստեղծվել է նաև ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:
«Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել. «Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»:
Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:
Ռեկորդային ցուցանիշներ և առաջընթաց ուղևորափոխադրումների ոլորտում
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: : Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:
Բիզնես ընթացակարգերի դյուրացում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում:
Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել 87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ:
Համայնքների խոշորացում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր: Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության:
Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:
Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:
Ագրոհատվածի զարգացման ռազմավարության մշակում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքը գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ:
Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ:
Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի խթանման նպատակով: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:
Հայաստան բժշկական հայտնիապրանքանիշերի ներգրավում
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ բուժհաստատություններին կառաջարկվեն խելամիտ շուկայական գներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստան առողջապահական բրենդային ընկերություններ ներգրավելու քայլերը:
«Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը, թափանցիկությունը, վերահսկել դեղորայքի դաշտը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Արմատական փոփոխություններ սոցիալական ապահովության ոլորտում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնդիր ունեն հաշմանդամության կենսաթոշակների մասով, ինչի համար նախատեսել են և վարչապետի հանձնարարության համաձայն հունվարին կներկայացնեն պիլոտահաշվառման նոր մոդել. «Մենք արդեն ունենք ձևավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է գնահատենք և ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամ»,- ասել է Ասատրյանը:
Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող, չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:45 29.11.2016