Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի «թանկ» երկինքը

08.08.2013, 15:40
Հայաստանում արձակուրդների բուռն ժամանակաշրջան է, և բազմաթիվ բնակիչներ մտադիր են իրենց հանգիստն անցկացնել արտասահմանում։ Բացի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև Վրաստանի սևծովյան հանգստավայրերից, որոնք մեր համաքաղաքացիների հանգստյան ավանդական վայրերն են դարձել, շատերն իրենց ամառային հանգիստը նախընտրում են անցկացնել ավելի հեռավոր երկրներում։
Հայաստանի «թանկ» երկինքը
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արձակուրդների բուռն ժամանակաշրջան է, և բազմաթիվ բնակիչներ մտադիր են իրենց հանգիստն անցկացնել արտասահմանում։ Բացի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև Վրաստանի սևծովյան հանգստավայրերից, որոնք մեր համաքաղաքացիների հանգստյան ավանդական վայրերն են դարձել, շատերն իրենց ամառային հանգիստը նախընտրում են անցկացնել ավելի հեռավոր երկրներում։

Եվ եթե Բաթումի և Քոբուլեթի կարելի է հասնել ավտոտրանսպորտի կամ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի «Արմենիա» ֆիրմային գնացքով, ապա հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակված լինելու հանգամանքը` այլ երկրներ կարելի է հասնել միայն ինքնաթիռով։

Ավիահաղորդակցությունը կարևոր դեր է խաղում նաև Հայաստանի զբոսաշրջային ինդուստրիայի հարցում։ Բազմաթիվ փորձագետների և նույնիսկ արտասահմանյան երկրների դեսպանների կարծիքով, ավիատոմսերի բարձր գներն ու ուղիղ չվերթերի փոքր թիվը խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի զբոսաշրջային հոսքի մեծացմանը։

Մեկնումը Թբիլիսիից

Վերջին ժամանակներում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են արտերկիր մեկնել ոչ թե հարազատ «Զվարթնոցից», այլ Թբիլիսիի օդանավակայանից, քանի որ Վրաստանից ավիատոմսերը զգալիորեն էժան են, քան Հայաստանում։ Մարդկանց չի կանգնեցնում նույնիսկ այն միտքը, որ պետք է մի քանի ժամ տաքսիով կամ միկրոավտոբուսով գնալ Թբիլիսի, մաքսային վերահսկողություն անցնել հայ–վրացական սահմանում։

Սակայն ավիադրամարկղերում և տուրիստական գործակալություններում աչքի անցկացնելով Երևանից և Թբիլիսիից չվերթերի ավիատոմսերի գների տարբերությունը, պարզ են դառնում բնակիչների ցանկությունները Վրաստանից մեկնելու հարցում։

Օրինակ, այս ամառվա ամենանորաձև զբոսաշրջային երթուղիներից մեկով`Հայաստան–Բարսելոնա երկու ուղղությամբ թռիչքը Երևանից կարժենա  468 եվրո, իսկ Թբիլիսիից` ընդամենը 350 եվրո։ Միաժամանակ, թռիչքներն իրականացնում է նույն ընկերությունը` լեհական LOT–ը։

Տարբեր են ընկերության` դեպի Վարշավա ուղիղ չվերթերի գները` Երևան–Վարշավա–Երևանն արժե 420 եվրո, իսկ Թբիլիսի–Վարշավա–Թբիլիսին` ընդամենը 310 եվրո։ Իսկ Վարշավայով Լոնդոն թռիչքը LOT–ի ինքնաթիռներով Երևանից կարժենա 570 եվրո, իսկ Թբիլիսիից` 425 եվրո։

Սակայն տոմսերի տարբերությունը նկատելի է նաև LOT–ում։ Այսպես, դեպի Անթալիա չարտերային չվերթերը և հետադարձն ամռանը Թբիլիսիից կարժենան 300-350 դոլար, Երևանից` 350 եվրո (գները նշված են առանց զբոսաշրջային փաթեթի, որոնց դեպքում ավիատոմսերի գները նվազում են)։

Նույնը վերաբերում է նաև դեպի Եգիպտոս թռիչքներին` Երևան–Շարմ էլ Շեյխ–Երևան չարտերային չվերթն արժե 450 դոլար առանց զբոսաշրջային փաթեթի, իսկ –Թբիլիսի – Շարմ էլ Շեյխ–Թբիլիսին` 300-350 դոլար։

Տոմսերի գների էական տարբերություն կա և այն չվերթերի համար, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ամռանը։ Օրինակ, դեպի Կիև և հետադարձ ուղղությամբ թռիչքն ուկրաինական МАУ (Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ) ավիաընկերության ինքնաթիռներով Երևանից կարժենա 385 եվրո, իսկ Թբիլիսիից` 238 եվրո։

Թբիլիսիի օգտին փոքր, բայց, այնուամենայնիվ, տարբերություն կա նաև դեպի Փարիզ և հետադարձ տոմսերի արժեքում Air France–ով` Երևանից 460 եվրո, Թբիլիսիից` 420։

Միայն դեպի Մոսկվա թռիչքներն են, որ Երևանից ավելի էժան են, քան Թբիլիսիից, սակայն դա էլ, հավանաբար, բացատրվում է ռուս–վրացական բարդ հարաբերություններով։ Այսպես, Երևան–Մոսկվա–Երևան չվերթը «ՍիբԱվիա»–ով արժե 344 եվրո, իսկ Թբիլիսի–Մոսկվա–Թբիլիսի–ն` 374 եվրո։

Երևանից Դուբայ մեկնելն էլ Fly Dubai չվերթերով ավելի էժան է, քան Թբիլիսիից` 220 դոլարը 320–ի դիմաց։ Միաժամանակ, ավիադրամարկղում տոմսերի արժեքի նվազումը բացատրեցին Երևանից Շարժա Air Arabia ավիաընկերության կողմից չվերթերի բացումով։

 «Զվարթնոցը» վստահեցնում է, որ մեղավոր չէ


Թեև «Արմավիա» ավիաընկերությունը բազմիցս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանին մեղադրել է, որ սպասարկման գները չափազանց բարձր են, այնուհանդերձ օդանավակայանի ղեկավարությունը հայտարարեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սակագները տարածաշրջանի մյուս օդանավակայանների սակագներից բարձր չեն

«Ընդհանուր առմամբ, զուտ օդանավերի սակագներով մենք մրցունակ ենք, մեզ մոտ սակագներն ավելի ցածր են, քան հարևան պետություններում։ Օրինակ` մեզ մոտ կրկնակի ավելի էժան է, քան Ադրբեջանում»,– հայտարարեց «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը։

Ըստ Շխյանի` «Զվարթնոց» օդանավակայանի թույլ կողմերն ավիավառելիքի գներն են, «օդի հարկը» (10 հազար դրամի չափով պետական տուրք, որը ներառված է ավիատոմսի արժեքում) և մի շարք այլ ծառայություններ, որոնք չեն ձևավորվում օդանավակայանի կողմից, և որոնց վրա նա չի կարող ազդել։

«Խնդիրն այն է, որ «օդի հարկը», ավիավառելիքը և մյուս ծառայությունները, որոնք մասնագիտացված ոլորտներում օդանավակայանի ծառայություններ չեն համարվում, մատնանշվում են որպես տոմսերի թանկացման պատճառ»,– նշեց նա։

Խոսելով ավիավառելիքի գնի մասին` Շխյանը հայտնեց, որ այն կարգավորվում է  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից և փոխվում է մի շարք գործոններից կախված։ Միաժամանակ մարժան կազմում է մեկ տոննայի դիմաց 100–150 դոլար։

«Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն իր հերթին ավելացրեց, որ ավիատոմսերի գների նվազման համար պետք է ավելացնել չվերթերի քանակը Հայաստանի ուղղությամբ և ազատականացնել ավիափոխադրումների հայկական շուկան։ «Ակնհայտ է, որ ավիատոմսերի գների նվազման համար պետք է ավելի շատ թռիչքներ լինեն, պետք է բացել շուկան»,–նշեց նա։

«Զվարթնոցի» վերածումը տարանցիկ օդանավակայանի

Մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, հայտարարել էր, որ Հայաստանի ավիացիայի զարգացման նոր հայեցակարգի տարբերակներից մեկը երևանյան «Զվարթնոցի» վերածումն է տարանցիկ օդանավակայանի։ «Տարբերակներից մեկը` տարանցիկ ծառայություններ առաջարկել և նախընտրություն տալ այն ավիաընկերություններին, որոնք պարտավորություն կվերցնեն օգտագործել Երևանը որպես տարանցիկ քաղաք»,– ասել էր նա։

Իսկ եթե Հայաստանում ավիատոմսերի թանկությունն իսկապես պայմանավորված է «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր գներով, ապա կառավարությունն արդեն պետք է մտածի Գյումրիի (Երևանից մոտ 120 կիլոմետր) օդանավակայանի զարգացման մասին։

Գյումրիի օդանավակայանի զարգացումը կարելի է դիտարկել Հայաստանի մարզերի զարգացման համատեքստում, ինչին կառավարությունը, ինչպես նա է հավաստիացնում, մեծ ուշադրություն է դարձնում։ -0-

Հայկ Խալաթյան
Հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար