Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Շուրջ 100 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում իրականացնել հայաստանյան նոր լեռնադահուկային մարզահամալիրում

10.01.2025, 12:11
Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում
Շուրջ 100 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում իրականացնել հայաստանյան նոր լեռնադահուկային մարզահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ Շուրջ 100 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում իրականացնել «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում։

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ այս տարի։ Ընդհանուր առմամբ, պլանավորվում է իրականացնել շուրջ 100 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ 

Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024 - 2025 սեզոնին Մայլեռում արդեն գործում են երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք նախագծվել և մատակարարվել են աշխարհահռչակ «Դոպելմայր» ընկերության կողմից։ Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի։ 

Մայլեռում արդեն գործում է 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցային համալիրներ, այդ թվում՝ միջազգային բրենդներ ներկայացնող։ 

«Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։

Այսօր Հայաստանի տարածքում գործում են չորս ազատ տնտեսական գոտիներ՝ «Ալյանս», «Մերիդիան», «Մեղրի» և ECOS։

Ինչպես նշվել է ավելի վաղ, նախատեսվում է, որ համալիրը կսպասարկի տարեկան 500 հազար զբոսաշրջիկի և կկարողանա զբոսաշրջային հոսքեր ներգրավել Ռուսաստանից, Իրանից և Եվրոպայից։