Ամերիաբանկը 9 մլն ԱՄՆ դոլար է ներդրել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարության մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլար է ներդրել «Hyatt International» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարության մեջ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 4–ին բացված «Հայաթ Փլեյս Երևան» 10–հարկանի հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար։ Հանրապետության կենտրոնական հրապարակի մոտակայքում տեղակայված հյուրանոցի շինարարությունը մեկնարկել է 2011 թվականին։ Հյուրանոցը զբաղեցնում է մոտ 7 հազար քառակուսի մետր մակերես։
«Նոր բրենդի մուտքը Հայաստան կնպաստի հյուրանոցային ոլորտում մրցակցային դաշտի մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,– ասվում է հաղորդագրությունում։
«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում ստեղծվել է 70 աշխատատեղ` 200 հազար դրամ միջին աշխատավարձով (մոտ 495 դոլար)։
Ինչպես վկայում են «Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական հետազոտությունները, Հայաստանն իր հատուկ տեղն է զբաղեցնում զբոսաշրջային ոլորտում։
Վերջին 5 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը (CAGR) Հայաստանում կազմել է 8,6%:
«Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է զբոսաշրջության ակտիվ զարգացման սկզբնական փուլում, ժամանումների նման տեմպը բավականին բարձր է գնահատվում»,– ասվում է հաղորդման մեջ։
Հաղորդման համաձայն, աճում է նաև Հայաստանը որպես հանգստավայր դիտարկող մարդկանց թվաքանակը: Հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծացել է հյուրանոցային ցանցի զբաղվածության աստիճանը:
Միայն 2012թ. Հայաստան է այցելել 843,830 զբոսաշրջիկ, և այդ թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 11%-ով: -0-