Ինտենսիվ այգիների սեփականատերերի վարկերի մարման սպառված արտոնյալ ժամկետը կերկարաձգվի 1 տարով. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նախատեսվում է երկարաձգել ինտենսիվ այգիների սեփականատերերի վարկերի մարման սպառված արտոնյալ ժամկետը։
«Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված են այն սահմանափակումների հետ, որոնք Հայաստանի պտուղ-բանջարեղեն արտահանողներն ունեն, մասնավորապես՝ ռուսական շուկա», - ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրում կատարվող փոփոխությունները:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում, նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականն իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա, այն շահառուների համար, ովքեր հիմնել են այգիներ, և որոնց վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը լրանում է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցը կերկարաձգի վարկի մարման ժամկետը մեկ տարով՝ վարկի մայր գումարի գծով լրացուցիչ արտոնյալ ժամկետ տրամադրմամբ։
«Արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց՝ կից ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք մոնիթորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը», - նշեց Պապոյանը: