ՀՀ-ում հաստատվել է ԵՄ արտահանման համար ձկնարտադրողների գրանցման նոր կարգը
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ-ն ուրբաթ կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, հաստատվել են ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին և դրա պահպանումն իրականացնող ընկերություններին ներկայացվող պահանջները՝ Եվրամիության առևտրի վերահսկման և փորձագիտական գնահատման համակարգում գրանցվելու համար։
Փաստաթղթով նախատեսվում է նաև Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու նպատակով տնտեսվարող սուբյեկտների՝ այդ համակարգում գրանցման, գրանցման դադարեցման և առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգի հաստատումը։
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն հրապարակումից հետո երկամսյա ժամկետում։