Շուրջ 50 հայ արտադրողներ Էստոնիայում կներկայացնեն հայկական արտադրանքը Made in Armenia Expo ցուցահանդեսի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը, հայտնում են Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի՝ դեպի միջազգային, այդ թվում՝ ԵՄ շուկաներ արտահանման ուղղությունների զարգացման և այդ շուկաներում ներկայացվածության խթանման ուղղությամբ։
Այդ նպատակով հուլիսի 3–4-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ «Kultuurikatel» մշակութային կենտրոնում, կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ 50 հայկական արտադրողներ», - նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառմանը կներկայացվի հայկական արտադրանքի լայն տեսականի՝ բարձրորակ սննդամթերք, գինիներ և այլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, օրգանական գյուղատնտեսական արտադրանք, տեքստիլ, կաշվե իրեր և ձեռագործ աշխատանքներ։
Ցուցահանդեսը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ՝ «DVIN» էստոնահայ համայնքի հետ համատեղ և տեղում Էստոնիայի ԱԳՆ գործուն աջակցությամբ։ Այն բաց է գործարար համայնքի, համապատասխան ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական արտադրանքով և Հայաստանի արտահանման ներուժով հետաքրքրված բոլոր այցելուների համար։