Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նա անդրադարձավ հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումներին։
Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն սկսել է այն պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը։
«Մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը չի կարող ուղղակի դիտորդի դերու հետևել, թե ոնց կարող են, այդ թվում՝ հայկական կողմի գործողություններ չձեռնարկելու պատճառով, միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և շրջանցել Հայաստանը։
«Եկեք արձանագրենք, որ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք»,- ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ այս փուլում մանրամասներ չի կարող հայտնել։
«Հարցերը պետք է լուծվեն իրավական կոնսուլտացիաների և աշխատանքային քննարկումների արդյունքում», – ասաց Փաշինյանը։