Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում մեկնարկել է 7,2կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը, նախագծի արժեքը 395մլն դոլար է

Այսօր, 11:39
Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով
Հայաստանում մեկնարկել է 7,2կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը, նախագծի արժեքը 395մլն դոլար է

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/ԱՌԿԱ/․ Տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր, հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին։ 

Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ 

Каджаранский туннель подписание

Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։

Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։ 

Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։ 

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով և շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին և նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում: 

Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ: 

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։

Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։ 

Քաջարանի թունելի և մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։ 

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։