ԵԱԶԲ-ն բարձրացրել է 2026թ․–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6% և վերանայման պատճառներ չի տեսնում
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները բարձրացրել են 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 5,3%-ից հասցնելով 6%-ի, և նվազեցման ուղղությամբ վերանայման պատճառներ չեն տեսնում՝ չնայած հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներին, հայտարարել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
Ընթացիկ մակրոկանխատեսման համաձայն՝ ԵԱԶԲ վերլուծաբաններն ակնկալում են, որ 2027 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,7%-ով (2025 թվականի դեկտեմբերի կանխատեսումը՝ 5,3%), իսկ 2028 թվականին՝ 5,3%-ով (նախորդ կանխատեսումը՝ 5,1%)։
Նշելով, որ ԵԱԶԲ-ն կանխատեսումները հրապարակում է կիսամյակը մեկ անգամ՝ Կուզնեցովն ասել է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է թափ հավաքել, և այդ աճի մեջ ներգրավված են շատ ներքին շարժիչ ուժեր։
«Այդ պատճառով որևէ հստակ, զգալի սառեցում մենք չենք ակնկալում, և առայժմ բազային կանխատեսման մեջ դա չենք նախատեսել։ Եթե տեսնենք, որ իրավիճակը շեղվում է (իսկ մենք այն մշտապես մոնիթորինգի ենք ենթարկում), ապա մակրոկանխատեսման մեր նոյեմբերյան թողարկման մեջ, արդեն 2027 թվականի իրավիճակի վերաբերյալ, այդ ամենը կարտացոլենք», - ասել է նա ԵԱԶԲ 20-ամյակին նվիրված բիզնես-ֆորումի շրջանակում։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով։ Ընթացիկ տարվա I եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն, նախնական վիճակագրական տվյալներով, գրանցել է 4% աճ՝ 2025 թվականի հունվար-մարտի համեմատ։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 7,1-4,7%, 2027 թվականին՝ 5,7-5,3%, 2028 թվականին՝ 4,9-5,2%։
Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2026 թվականի համար. ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,25%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, ԵԱԶԲ՝ 6%, S&P Global Ratings՝ 5,3%, Fitch Ratings՝ 5%-ից բարձր (2026-2027 թթ. համար)։