ԵՄ-ն կօգնի Հայաստանին մշակել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող ճանապարհների նախագծերը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանից մինչև Թուրքիայի հետ սահման ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքների գործում՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման նպատակով:
Այս նպատակով Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Բրյուսելում ստորագրեցին համատեղ մտադրությունների մասին նամակներ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում։ Նամակները ստորագրել են Եվրոպական հանձնաժողովից Ադրիենն Կիրալին, Հայաստանից՝ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը և ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունը, այս փաստաթղթերը պաշտոնապես արձանագրում են EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։
Նախաձեռնությունը նախատեսում է խորհրդատվական աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։
Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։
Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։