ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ․ նախագիծ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել է ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի հիմնավորման, որի հեղինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ–ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման համակարգերի, կապի և տնտեսության բնականոն աշխատանքը։ Էլեկտրամատակարարման խափանումը անմիջական ազդեցություն ունի ազգային անվտանգության, առողջապահության և հասարակական կայունության վրա։
Նախագծի հեղինակները նշում են, որ ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ, այլ հանրային նշանակության ենթակառուցվածքի կառավարում, որը ենթակա է խիստ պետական վերահսկողության։
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնությունը ցույց է տալիս, որ պետությունը գնահատել է հնարավոր խախտումները որպես այնպիսիք, որոնք կարող են վնասել հարյուր հազարավոր բաժանորդների շահերը։
«Էլեկտրաէներգիայի մատակարարումը չի կարող դադարել նույնիսկ կառավարման ճգնաժամի դեպքում։ Հետևաբար պետությունը պարտավոր է առաջնահերթ ապահովել համակարգի անխափան աշխատանքը՝ անկախ մասնավոր ընկերության վիճակից կամ սեփականատիրոջ փոփոխությունից», – նշվում է նախագծում։
Փաստաթղթի համաձայն, էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը հանդիսանում է բնական մենաշնորհի բնագավառ և ենթակա է պետական հատուկ վերահսկողության՝ սպառողների իրավունքների, էներգետիկ անվտանգության և ծառայությունների անընդհատության ապահովման նպատակով։
Ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԷՑ»–ը դե-ֆակտո արդեն ազգայնացված է, իսկ հետագայում այդ կարգավիճակը կձևակերպվի իրավաբանորեն։
Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են պետության կողմից ՀԷՑ-ի ձեռքբերման գործարքի հնարավոր գնահատման մասին՝ մոտ 380 հազար դոլար։ Այս գումարը զգալիորեն ցածր է այն ներդրումների ծավալից, որոնք «Տաշիր» ընկերությունների խումբը ներդրել է էներգետիկ ընկերությունում 2016 թվականից ի վեր՝ շուրջ 900 միլիոն դոլար։ Համաձայն առկա չհաստատված տեղեկությունների՝ գործարքը չի կայացել սեփականատիրոջ անհամաձայնության պատճառով։
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին
2025 թվականի նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը զրկել է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից։ Հանձնաժողովում դրա համար հիմք են հանդիսացել 4-ամսյա վարչական վարույթի ընթացքում հայտնաբերված խախտումները, ներառյալ՝ էլեկտրական հաշվիչների ցուցմունքների, ներդրումային ծրագրերի, նոր բաժանորդների միացման, ինչպես նաև շինարարական և հակահրդեհային նորմերի հետ կապված խախտումները։
ՀԷՑ-ում չեն համաձայնել կարգավորողի եզրակացությունների հետ և կասկածի տակ են դրել ստուգումների ու փորձաքննությունների արդյունքները։ ՀԷՑ-ի սեփականատեր ընկերությունը՝ «Տաշիր Կապիտալ»-ը, որը մտնում է «Տաշիր» խմբի մեջ, փորձել է դատարանում բողոքարկել ՀԾԿՀ-ի որոշումը, սակայն հայցը մերժվել է։