Рейтинг@Mail.ru
USD
365.86
EUR
422.06
RUB
4.3638
GEL
139.8
2026 թ. օգոստոսի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանը հույս ունի երկաթուղու հարցը Ռուսաստանի հետ լուծել բարեկամական ձևով․ Փաշինյան

Այսօր, 15:42
Փաշինյանի խոսքով, բարեկամական լուծումը նշանակում է փոխադարձաբար հասկանալ և ընկալել միմյանց շահերը և գնալ կոմպրոմիսների
Հայաստանը հույս ունի երկաթուղու հարցը Ռուսաստանի հետ լուծել բարեկամական ձևով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը ցանկանում է երկաթուղու հարցը Ռուսաստանի հետ լուծել բարեկամական ձևով և չգնալ սուր քայլերի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը։

Նրա խոսքով` բարեկամական լուծումը նշանակում է փոխադարձաբար հասկանալ և ընկալել միմյանց շահերը և գնալ կոմպրոմիսների։

«Այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի, այսինքն՝ ինչ-որ բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի», - նշեց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետն ընդգծեց, որ ինքը որևէ խնդիր չունի Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ և հարգանքով ու ըմբռնումով է վերաբերվում ՌԴ շահերին։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակը, ըստ նրա, խոչընդոտում է երկրի պատմական հնարավորությանը՝ ինտեգրվելու միջազգային երկաթուղային ցանցին։

Փաշինյանը նշեց, որ միջազգային լոգիստիկ ծառայություններից օգտվողները ներդրումային հետաքրքրություն չեն ցուցաբերում այդ հատվածի նկատմամբ և խուսափում են այդ թեմայից։

«Մենք հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ, մեր պրոբլեմն այն իրավիճակի մեջ է», - ընդգծեց վարչապետը։

Նա հավելեց, որ հայեցակարգային մակարդակով քննարկվում են տարբեր մոդելներ, քանի որ պայմանագրի ուղղակի խզումը բարեկամական չէ։

«Բարեկամականը՝ որ ՌԴ-ի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին՝ շուկայական նորմալ գնով։ Փորձագետներ կան արդեն գներ են ասում օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումար է՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը», – ասաց Փաշինյանն` ընդգծելով, որ այդ տարբերակը գուցե Ռուսաստանի գործընկերներին այդքան էլ հարմարավետ չէ։

Նա տեղեկացրեց, որ փորձագետների հետ քննարկվում են նաև այլ այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես` կառավարման այնպիսի մոդել, որտեղ մի մասնաբաժինը կպահպանվի, իսկ մյուսը՝ կօտարվի, սակայն այնպես, որ մնա փոքրամասնության մասնաբաժինը։

Վարչապետի խոսքով` հնարավոր է նաև, որ լիցենզիան բաժանվի 2 մասի, քանի որ հիմա երկաթուղին, ենթակառուցվածքը և ենթակառուցվածքի օգտագործումը մեկ փաթեթում է։

«Աշխատանք է տեղի ունենում հասկանալու, թե որտեղ է այն կետը, որտեղ կարող ենք այդ բարեկամական լուծումը գտնել», – հայտնեց Փաշինյանը։