Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

ՀՀ–ում շինարարության ծավալը 2026թ․–ին առաջին կիսամյակկում աճել է 24,5%–ով․ Քաղաքաշինության կոմիտե

Այսօր, 13:18
Հայաստանում շինարարության ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը
ՀՀ–ում շինարարության ծավալը 2026թ․–ին առաջին կիսամյակկում աճել է 24,5%–ով․ Քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում շինարարության ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Ինչպես նշվում է նախօրեին հրապարակված նրա ուղերձում Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի առթիվ, ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ` 2025թ.-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։

«Ոոշ վատատեսական կանխատեսումները, թե կառուցապատման ոլորտն անկում է ապրելու, վաճառքները պակասելու են, կամ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» Կառավարության խոշորածավալ այս և այլ ծրագրերը ձախողվելու են, ոչ միայն չարդարացան, այլև փաստացի արդյունքները գերազանցեցին սպասումները։ Ծրագրերը ոչ միայն ամբողջությամբ իրագործվելու են, այլև արդեն իսկ մեկնարկել է դպրոցների կառուցման նոր շրջափուլը», – նշել է Վարդանյանը։

Նա նշել է, որ պետություն-շինարար համատեղ ջանքերով կյանքի են կոչվել ու շարունակվելու են մարզական և առողջապահական կառույցների, ճանապարհների, թունելների, կամուրջների և բնակչության կյանքի որակը բարելավող կարևոր այլ ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը:

«Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Մյուս ակնկալիքը կարողությունների շարունակական կատարելագործումն է։ Փոխադարձաբար կառավարությունը հանձնառու է մշակել գործունեության դաշտը բարելավող մեխանիզմներ», – նշել է Վարդանյանը։

Նա տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։

Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման։

Մեկնարկել է ոլորտի դերակատարների վարկանիշավորումը, հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։

Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն հաստատել է միջազգային հավաստագրման այն համակարգերի ցանկը, որոնց կամավոր կիրառումն առաջիկայում խրախուսվելու է հստակ մեխանիզմներով։

«Գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ: Առաջնահերթ ուղղություններից են լինելու նաև բնակֆոնդի ռենովացիան, ինչպես նաև կառուցապատման գործունեությունը կարգավորող օրենքի ընդունումը, որը մշակվել է պետական մի քանի կառույցների և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ», – նշել է նա։