Рейтинг@Mail.ru
USD
361.97
EUR
404.72
RUB
4.2413
GEL
139.19
2026 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների նախագծին

15.09.2026, 21:31
Եվրոպական խորհրդարանի հավանությունից հետո նախագիծը կներկայացվի Եվրոպական միության խորհրդի հաստատմանը, որից հետո վերջինս կընդունվի
Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների (ինքնավար առևտրային միջոցներ) կիրառման վերաբերյալ ԵՄ կարգավորման նախագծին, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանի հավանությունից հետո նախագիծը կներկայացվի Եվրոպական միության խորհրդի հաստատմանը, որից հետո վերջինս կընդունվի և ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։

«Առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և Հայաստան–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԵՄ Խորհուրդն առանց փոփոխությունների աջակցել է Եվրոհանձնաժողովի առաջարկին՝ հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային միջոցառումներ սահմանելու վերաբերյալ:

Նախատեսվում է հայկական ծագման ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ սակագնային քվոտաների շրջանակում գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում: ԵՄ Խորհրդի գնահատմամբ՝ միջոցառումները թույլ կտան ազատականացնել դեպի Եվրամիություն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ը:

Արտոնյալ ռեժիմը կգործի համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում: Այն նախատեսում է նաև պաշտպանական միջոցներ ԵՄ շուկայի համար՝ եվրոպական արտադրողների վրա ներմուծման բացասական ազդեցության դեպքում:

Դեպի Դ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով: Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամիրգը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, ինչպես նաև կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելք դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: