Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանում 7 ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության աճը՝ 7,7%, գերազանցել է կանխատեսումները. ՀԲ

Այսօր, 18:58
2026 թ.-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով՝ գերազանցելով սկզբնական կանխատեսումները, նշել է ՀԲ-ն
Հայաստանում 7 ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության աճը՝ 7,7%, գերազանցել է կանխատեսումները. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով՝ գերազանցելով սկզբնական կանխատեսումները։

Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստան. ամսական տնտեսական թարմացում – 2026 թ.-ի սեպտեմբեր» (Armenia Monthly Economic Update – September 2026) զեկույցում։

Նշվում է, որ հուլիսին տնտեսական ակտիվության աճը տարեկան կտրվածքով դանդաղել է՝ հասնելով 6,5%-ի հունիսի 7,4%-ի համեմատ, սակայն տարվա սկզբից կուտակված աճը շարունակում է բարձր մնալ։

«Շինարարությունը և առևտրի հետ չկապված ծառայությունները մնում են աճի հիմնական շարժիչ ուժերը՝ ավելանալով համապատասխանաբար 26,5%-ով և 17%-ով (տարեկան կտրվածքով): Շինարարության աճին ուղեկցել է անշարժ գույքի շուկայի աշխուժացումը. Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը հուլիսին գրեթե կրկնապատկվել է, իսկ մայրաքաղաքի կենտրոնում գները բարձրացել են 12,7%-ով (տարեկան կտրվածքով), ինչին նպաստել է Ռուսաստանից և հայկական սփյուռքից եկողների նոր հոսքի պահանջարկը», — ասվում է հետազոտության մեջ։

ՀԲ վերլուծաբանները նշում են, որ հուլիսին ձեռնարկությունների գրանցումների թիվը նույնպես աճել է 29%-ով (տարեկան կտրվածքով), ինչը պայմանավորված է ՍՊԸ-ների գրանցումների 45,7%-անոց աճով:

Զեկույցում նշվում է նաև, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է միայն չափավոր՝ 3,1%-ով (տարեկան կտրվածքով), քանի որ հանքարդյունաբերության (14,4%-ով) և մշակող արդյունաբերության (5,9%-ով) զգալի աճը մեծ մասամբ չեզոքացվել էլեկտրաէներգիայի արտադրության և էներգետիկայի ոլորտի 24,5%-անոց անկմամբ, ինչը պայմանավորված էր Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ժամանակավոր կանգառով՝ պլանային տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

2026թ.ի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով։ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7%-ով։

Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սցենարներից (Ա-Բ) կախված ակնկալվում է 4,5-4,1%։

Միջազգային ֆինանսական հաստատությունների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2026 թվականի համար. ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,25%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, ԵԱԲԳ՝ 6%, S&P Global Ratings՝ 4,9%