Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+32

ՀՀ-ում ԵՄ դեսպանն ակնկալում է, որ հայկական ապրանքների համար ԵՄ արտոնությունները շատ շուտով ուժի մեջ կմտնեն

Այսօր, 15:49
Մարագոսն ասել է. «Այս շաբաթ մենք տեսանք, որ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ այն շատ շուտով պաշտոնապես կձևակերպվի»
 ՀՀ-ում ԵՄ դեսպանն ակնկալում է, որ հայկական ապրանքների համար ԵՄ արտոնությունները շատ շուտով ուժի մեջ կմտնեն

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Եվրամիությունն ակնկալում է, որ հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները կսկսեն գործել շատ շուտով: Այդ մասին Վանաձորում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով, որ « Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։

«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», - ասել է ԵՄ դեսպանը՝ հատուկ նշելով Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հայկական շատ ապրանքների թույլ կտան մուտք գործել ԵՄ շուկա առանց մաքսատուրքերի վճարման։

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։

Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ:

Մարագոսն ասել է. «Այս շաբաթ մենք տեսանք, որ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ այն շատ շուտով պաշտոնապես կձևակերպվի»։

Եվրոպական խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ հայկական ծագման արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ սահմանելու մասին։

Նախատեսվում է հայկական ծագման ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ առանձին տեսակի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկում՝ սակագնային քվոտաների շրջանակում: ԵՄ Խորհրդի գնահատմամբ՝ միջոցառումները թույլ կտան ազատականացնել Հայաստանի արտահանման մոտ 80%-ը դեպի Եվրամիություն:

Նախընտրելի ռեժիմը կգործի համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից սկսած երկու տարվա ընթացքում: Այն նաև նախատեսում է պաշտպանական միջոցներ ԵՄ շուկայի համար՝ եվրոպական արտադրողների վրա ներմուծման բացասական ազդեցության դեպքում:

Եվրախորհրդարանի կողմից դիրքորոշման պաշտոնական ընդունումից հետո փաստաթուղթը պետք է հավանության արժանանա ԵՄ Խորհրդի կողմից: Կանոնակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը:

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի տեսակներ, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, խաղող, կարտոֆիլ, չրեր, ավելի ուշ՝ նաև թարմ ձուկ և ձկնամթերք, ինչպես նաև կաթնամթերք։

Սահմանափակումները ներառում են նաև հայկական ծագման ապրանքների տարանցման արգելքը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։