Հայկական ԱԷԿ–ն ունի շահագործման ժամկետ՝ մինչև 2036թ․–ը․ ՔՊ–ական պատգամավորը պատասխանել է Ալիևին
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ աշխարհում որևէ կառավարություն, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական ատոմակայանը փակելու ցանկության մասին հայտարարությանը։
«Դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036 թվականն է, ով ինչ ուզում է ասի», - ասաց Եղոյանը լրագրողների հետ զրույցում։
Պատգամավորը հիշեցրեց նաև կառավարության` նոր ատոմակայան կառուցելու մասին հայտարարությունը, և նշեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք միջազգային գործընկերների հետ։
Նա ընդգծեց, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը ստորագրվել է 2017-ին։
Անդրադառնալով էներգակիրներ ներկրելուն կամ էներգիա ներկրել-արտահանելուն` Եղոյանը նշեց, որ որքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, այդքան դա Հայաստանի օգուտն է։
«Բայց դա ընդհանրապես կապ չունի ատոմակայանի հարցի հետ», - ընդգծեց նա։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։
Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ։
Հայաստանի իշխանությունները նախատեսում են 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի գործընկերների փորձը։
Հայկական կողմի քննարկմանն արդեն իսկ ներկայացված է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ):
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։