Հայաստանը հունիսի 1-25-ը արտահանել է շուրջ 2320 տոննա միրգ և բանջարեղեն․ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. 2026 թվականի հունիսի 1-25-ը Հայաստանն արտահանել է շուրջ 2320 տոննա միրգ և բանջարեղեն, հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հունիսի 1-ից 25-ը արտահանել ենք արդեն 1071 տոննա ծիրան (որի 90%-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում), կեռաը` 882 տոննա, մոտ 40 տոննա խնձոր, թութ, թուզ, հաղարջ, մոշ` 100 տոննա, ելակ, ազնվամորի` 87 տոննա, 140 տոննա լոլիկ», - հայտնեց Պապոյանը կառավարության նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ գների տեսանելի անկում կա երկու ուղղություններով՝ ծաղիկներ և լոլիկ։
«Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և առկա բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է», - նշեց Պապոյանը։
ՌԴ–ում Հայաստանից մատակարարվող արտադրանքի սահմանափակումների մասին
Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը։
Գերատեսչությունում որպես պատճառ են նշել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը։