ԵՄ–ն ՀՀ–ին կհատկացնի լրացուցիչ 18 մլն եվրո և անմաքս մուտք կառաջարկի իր շուկա Հայաստանի արտահանման 80%-ի համար. Եվրահանձնաժողովի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական միությունը Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ առևտրի ամրապնդման և դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև առաջարկում է կիրառել ինքնավար առևտրային միջոցներ, որոնք թույլ կտան ազատականացնել դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը: Այս մասին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով՝ նշված 18 միլիոն եվրոն նախկինում հայտարարված 52 միլիոն եվրոյի բյուջետային աջակցության փաթեթի եզրափակիչ մասն է։ Այդ միջոցները կարող են ուղղվել, մասնավորապես, Արտահանման խթանման գործակալության ստեղծմանը։
Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելն առաջարկում է հայկական արտադրանքի նկատմամբ կիրառել ինքնավար առևտրային միջոցներ։ «Դա թույլ կտա ազատականացնել դեպի Եվրոպական միություն հայկական արտահանման շուրջ 80%-ը: Այսպիսով, մեզ հետ ձեր առևտրի շուրջ 80%-ն այլևս չի հարկվի մաքսատուրքերով», — ասել է նա:
ԵՀ ղեկավարի խոսքով՝ այս միջոցները եվրոպական շուկան կբացեն Հայաստանի թարմ գյուղմթերքի գրեթե 99%-ի համար, ներառյալ բանջարեղենը, միրգը և բուսական ծագման այլ արտադրանքը, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլային արտադրանքի արտահանման ավելի քան 90%-ի համար:
Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ հուլիսի կեսերին Հայաստան կժամանի եվրոպացի փորձագետների խումբ, որոնք կաշխատեն հայ արտադրողների, արտահանողների և ձեռնարկությունների հետ:
Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Global Gateway նախաձեռնության շրջանակում 200 միլիոն եվրոյի աջակցության նոր փաթեթի մասին՝ տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացման համար:
Նրա խոսքով՝ եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ համատեղ նախատեսվում է մոբիլիզացնել մինչև 2 միլիարդ եվրո Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային նախագծերի համար, ներառյալ Հայաստանում սահմանային և ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը:
Առանձին ֆոն դեր Լայենը հայտնել է Հայաստանի սահմանամերձ համայնքների համար 20 միլիոն եվրո ծավալով խաղաղության աջակցության ծրագրի մեկնարկի մասին: Միջոցները կուղղվեն տեղական տնտեսության զարգացմանը, փոքր բիզնեսի աջակցմանը, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներին և ջրային ռեսուրսների կառավարմանը:
.