Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
420.13
RUB
4.8136
GEL
139.33
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

Այսօր, 17:43
Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային- պոլիտեխնիկական համալսարանի  բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային- պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը։ Տոնական միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ նրանք կերտելու են Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի պատմությունը՝ իրենց գործունեությամբ, արժեքներով և մասնագիտական հաջողություններով նոր ուժ հաղորդելով համալսարանի շրջանավարտների մեծ համայնքին։ Նրա խոսքով՝ այսուհետ համալսարանը նրանց դիտարկում է ոչ միայն որպես շրջանավարտների, այլև որպես գործընկերների, որոնց հետ շարունակելու է քննարկել համալսարանի զարգացման, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտակրթական առաջընթացին վերաբերող հարցերը։

Ռեկտորը երախտագիտություն հայտնեց նաև համալսարանի բարերարներին և գործընկերներին՝ կրթական նախաձեռնություններին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Յունիբանկի Վարչության նախագահ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Յունիբանկը, լինելով համալսարանի բարերարներից մեկը, շարունակելու է իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ՝ աջակցելով համալսարանի զարգացմանը, կրթական նախաձեռնություններին և երիտասարդ մասնագետների կայացմանը։ «Յունիբանկը կարևորում է կրթության և բիզնեսի միջև համագործակցության զարգացումը՝ աջակցելով այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, մրցունակ մասնագետների պատրաստմանը և երկրի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», - ընդգծեց Մեսրոպ Հակոբյանը: 

Յունիբանկի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ Այն ուղղված է կրթական ծրագրերի կատարելագործմանը և դրանց գործնական կիրառմանը բիզնես միջավայրում։  Համագործակցության շրջանակում Յունիբանկի աջակցությամբ ՀԱՊՀ-ում ստեղծվել և գործում է նաև «Թվային բանկային գործ» լաբորատորիան, որտեղ իրականացվում են ժամանակակից կրթական ծրագրեր՝ բանկային ոլորտի համար բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակով։