Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ-ում վերականգնվող էներգիայի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի ռազմավարական առաջնահերթություններից է

26.11.2024, 16:52
ՀՀ-ում վերականգնվող էներգիայի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի ռազմավարական առաջնահերթություններից է․ ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտի
ՀՀ-ում վերականգնվող էներգիայի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի ռազմավարական առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի ռազմավարական առաջնահերթություններից է, հայտարարել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։

«Նշանակալից նախագծերից է «Մասրիկի» արևային էլեկտրակայանը՝ առաջին արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանը Հայաստանում, ինչպես նաև Կովկասում։ Ծրագիրը գտնվում է իր վերջնական փուլում, և Հայաստանի էլեկտրացանցին միանալուց հետո այն էապես կբարձրացնի երկրի վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը ներկրվող վառելիքից»,- «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում նշել է նա։

Ինչպես այս տարվա մայիսին հայտնել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, Գեղարքունիքի մարզում 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է 2024 թվականին։ Այս կայանի արտադրած էներգիան կբավականացնի ավելի քան 20 հազար տուն էլեկտրաէներգիա ապահովելու և ածխաթթու գազի արտանետումները տարեկան 40 հազար տոննայով նվազեցնելու համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Fotowatio Renewable Ventures-ի (FRV, Abdul Latif Jameel-ի անդամ), IFC-ի, EBRD-ի և Ամերիաբանկի հետ համատեղ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38,4 մլն դոլար։

Ֆալչետտիի խոսքով՝ այս տարեսկզբին ՎԶԵԲ-ն այլ ֆինանսական հաստատությունների հետ (DEG, Proparco) հաստատեց 200 ՄՎտ հզորությամբ ԱՅԳ-1 արևային էլեկտրակայանի ֆինանսավորումը, որը կկառուցվի «Մասդար» ընկերության կողմից:

«Իրագործվելուց հետո այս նախագիծը էական դերակատարություն կունենա Հայաստանի էներգաանվտանգության իմաստով, և ուրախ ենք այս կարևոր գործընթացի մի մասը լինելու համար»,-ասաց նա։

Էմիրաթական MASDAR ընկերությունը նախատեսում է իրականացնել Հայաստանում ամենամեծ արդյունաբերական մասշտաբով ֆոտովոլտային արևային էլեկտրակայանի «Այգ-1» ծրագիրը։ Համապատասխան ներդրումային ծրագիրն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի վերջին։ Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման և շահագործման վերաբերյալ համաձայնագիր MASDAR-ի հետ ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերին։ 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը կզբաղեցնի 500 հա տարածք ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի իրականացման համար գնահատվել է 174 մլն դոլար։

Գործադիր տնօրենն ավելացրել է, որ իր՝ Հայաստան այցի ընթացքում հիանալի էր Երևանի փողոցներում տեսնել 87 նոր, ներառական և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներից մի քանիսը:

«Այս նախագիծը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության մի մասն է, և ակնկալում ենք աջակցել Երևանի հետագա կանաչապատմանը»,-ասաց նա։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթությունները ներառում են ընկերությունների մրցունակության բարելավումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման արտադրանքների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում 207 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։