2025 թ․–ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ․ ՀԾԿՀ
![2025 թ․–ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ․ ՀԾԿՀ 2025 թ․–ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ․ ՀԾԿՀ](/upload/medialibrary/a96/xl1nt1vbc4ytqmyqnx4ghle062hib2fl.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները, հայտնում են գերատեսչությունից։
Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2025 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցող ընկերությունների և շուկայի մրցակցային հատված դուրս չեկած բաժանորդների նոր սակագները։
Հայաստանում ներկայումս գործում են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագինը. սոցիալապես անապահով ընտանիքների համար (սպառողների մոտ 11%-ը) 29,99 դրամ ցերեկային ժամերին և 19,99 դրամ գիշերը յուրաքանչյուր կՎտժ-ի համար, մյուս կատեգորիաների քաղաքացիների համար՝ համապատասխանաբար 44,98 դրամ և 34,98 դրամ։
Սպառող իրավաբանական անձանց (ձեռնարկությունների) համար սակագնի միջակայքը ցերեկային ժամերին 41,98-ից 50,48 դրամ է, գիշերը՝ 37,98-ից 40,48 դրամ: ($1 - 396,56 դրամ)