Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան խնդիրներ արտադրանքի արտահանման հարցում. նախարար

13.10.2023, 13:30
Նախարարի խոսքով, Լարսի անցակետում հերթեր չկան
Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան խնդիրներ արտադրանքի արտահանման հարցում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան խնդիրներ արտադրանքի արտահանման հարցում, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևիցե խնդիր չկա», – ասել է նա` անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին։

Նախարարի խոսքով, Լարսի անցակետում հերթեր չկան։

«Հիշեցնեմ, որ իմ և ՌԴ գործընկերոջ՝ 2022 թվականի հունիսի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում նոր ուղիներ են բացվել, ընդամենը 2 օր են հարցեր եղել, ինչը կարգավորվել է», – ասաց նա։

Ինչպես հոկտեմբերի 3-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, Վերին Լարսի անցակետում կուտակվել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակով շուրջ 60 բեռնատար։ Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում, և արտադրանքի մի մասն ուղարկվում է փորձաքննության։ Հակոբյանի խոսքով, Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրների մասին տեղեկություն չի եղել։ Մաքսային կցորդը հայտնել է նաև, որ ներկայումս Ռուսաստան է ժամանում հայկական բեռների աննախադեպ մեծ ծավալ՝ օրական միջինը 200 բեռնատար։

Քերոբյանը նաև լրագրողներին հայտարարել է, որ երկրում վառելիքի խնդիր ևս չկա։

«Որոշակի խնդիր կա բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիրորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ», – պարզաբանել է նա։

Միաժամանակ նախարարը չկարողացավ ասել` բենզինի գները կիջնեն, թե ոչ` հայտարարելով, որ դա կախված է շուկայից։

Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, 2023 թվականի հոկտեմբերին սպառվել էր բենզինի և դիզվառելիքի քվոտան, և հայկական կողմը դիմել էր քվոտան ավելացնելու խնդրանքով, որը բավարարվել էր մասամբ։ Արդյունքում, հայ ներկրողները կարողացել են Ռուսաստանից գնել և ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզելային վառելիք՝ չնայած սեպտեմբերի 21-ին ՌԴ կառավարության կողմից նավթամթերքների այս տեսակների արտահանման ժամանակավոր արգելքին։ .

Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին ապրանքաշրջանառության մասին

Ռուսաստանը գլխավորում է Հայաստանի արտաքին առևտրային խոշորագույն գործընկերների եռյակը։ Այսպես, Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 4,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 56,3 տոկոսով։ Ընդ որում, արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2,3 մլրդ դոլար՝ աճելով 2,1 անգամ, իսկ ներմուծումը` գրեթե 2 մլրդ դոլարով (աճը՝ 16,1%)։

Միաժամանակ, այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել է 34,7%, Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում դեպի Ռուսաստան իրականացվող արտահանման տեսակարար կշիռը կազմել է 51,7%, իսկ ներմուծմանը՝ 25,9%:-0-