Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

28.11.2019, 11:20
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ
Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները:  

«Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- ասել է Ղրղզստանի նախագահը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ երկկողմ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաև տնտեսական համագործակցությունը:  

«Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը, անդրադառնալով Ղրղզստանում առկա ներքաղաքական վիճակին, նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ: 

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ-ղրղզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ:–0–