Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Երևանյան լճի վրա կառուցվել է առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանը (ՖՈՏՈ)

13.09.2023, 15:25
Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ
Երևանյան լճի վրա կառուցվել է առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությունը։

Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։

Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ չնայած լողացող արևային կայանի հզորությունը փոքր է, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար:

«Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,-ասել է նախարարը և հավելել՝ ՀՀ կառավարությունը բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ ոլորտում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, բավական շատ խթանող ծրագրեր կան և այս կայանը այդ քաղաքականության արդյունք է։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ևս ողջունել է կայանի բացումը և Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայանի հզորությունը, որը առաջինն է տարածաշրջանում, կկազմի 151 կՎտ, իսկ Ֆրանսիայից սարքավորումներ ձեռք բերելու համար կներդրվի 90 մլն դրամ ($1 – 385,84 դրամ)։–0–