ՎԶԵԲ–ը զգալիորեն բարելավել է 2024թ․–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ մինչև 6,2%
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։ Նման կանխատեսում է նշվում ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» (Regional Economic Prospects, May 2024) զեկույցում, որը հրապարակվել է այսօր։
ՎԶԵԲ-ն իր նախորդ սեպտեմբերի վերլուծության ժամանակ ակնկալում էր, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,5 տոկոսով։ Այս տարվա մայիսին ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն հայտարարեց, որ Հայաստանում 2024թ․–ին կանխատեսվում է 5% տնտեսական աճ և մոտավորապես նույնքան 2025 թվականին։
Մայիսյան զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ գրանցել 2023 թվականին։
«ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով` արտահանման աճող պահանջարկի և շինարարության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական և հաղորդակցության ծառայությունների երկնիշ աճի ֆոնին: 2023 թվականին կապիտալի զուտ ներհոսքերը, 2022 թվականի համեմատ, նվազել են գրեթե 40%-ով, սակայն զգալիորեն ավել է մնացել, քան 2021 թվականին։ Հաշվի առնելով այն, որ ծառայությունների արտահանման ավելացուկը փոխհատուցել է ապրանքների առևտրում աճող պակասուրդը՝ ընթացիկ հաշվի պակասուրդը վերադարձել է պակասուրդին՝ ՀՆԱ–ի 2,1%–ի չափով», – նշվում է ուսումնասիրության մեջ։
ՎԶԵԲ-ի վերլուծաբանները նշում են, որ 2023 թվականին պետական ֆինանսների վիճակը բարելավվել են՝ պայմանավորված շարունակական և կայուն տնտեսական աճով և կառավարման լավացմամբ, ինչը հնարավորություն է տվել արձագանքել փախստականների աջակցությանը 2023 թվականի վերջին եռամսյակում:
«Գնաճը հիմնականում պահպանվել է զրոյի մոտ ամբողջ տարվա ընթացքում և թույլ է տվել Կենտրոնական բանկին զգուշորեն նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը», - ասվում է զեկույցում:
Զեկույցում նաև նշում է, որ փախստականների ինտեգրման դյուրացմանն ուղղված պետական ծախսերի ավելացումը կաջակցի աճին:
«Տնտեսական հեռանկարների համար ռիսկերը հիմնականում առաջանում են աշխարհաքաղաքական անորոշությունից», - նշում են վերլուծաբանները:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի միջակայքում։
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ: ՎԶԵԲ-ը 2024 թվականին Հայաստանում կանխատեսում է 6,2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոս։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։