ԿԲ-ն նախատեսում է գնաճի թիրախը նվազեցնել մինչև 3%. Գալստյանը՝ «այլ լիգայում խաղալու» պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը դիտարկում է գնաճի իր թիրախը ներկայիս 4%-ից իջեցնել մինչև 3%, քանի որ «դրա համար բավականաչափ մկանային մասսա է ձևավորել, ասել է կարգավորիչի ղեկավար Մարտին Գալստյանը։
«Գնաճն իր ազդեցություն է ունենում երկրում ձևավորվող բոլոր տոկոսադրույքների վրա։ Եթե մենք կարողանում ենք գնաճը կառավարելի դարձնել ոչ թե 4, այլ 3 տոկոս մակարդակի վրա, այն ենթադրում է, որ մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ ծախսերը՝ կապված բարձր տոկոսադրույքների հետ, փորձելու ենք նվազեցնել»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ ղեկավարը։
Նշելով, որ գործող դրամավարկային քաղաքականությունը լավագույններից մեկն է աշխարհում, Գալստյանը հայտարարեց, որ «մեր հասունության և քաղաքականության նկատմամբ վստահության մակարդակն այնպիսին է, որ մենք արդեն պետք է ուրիշ լիգայում խաղանք, այլ խաղացողների հետ՝ ավելի բարդ խնդիրներ լուծելու առումով»։
«Մենք պատրաստ ենք ընդունելու այս մարտահրավերը»,- ընդգծել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, ԿԲ ղեկավարն ասաց, որ 2-3 տոկոս գնաճը կառավարելը մի բան է, իսկ 4-5 տոկոս գնաճը կառավարելը մեկ այլ բան։
«Այստեղ խաղալու հնարավորությունն ավելի լայն է: Մենք ասում ենք, որ այնքան ենք կոփվել և մկանային մասսա ձևավորել, որ կարող ենք այդ լիգայում խաղալ»,-ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ այս պահին մասնագիտական քննարկումներ են ընթանում կառավարության գործընկերների հետ, արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։
«Կա նաև քաղաքական բաղադրիչ։ Ցածր գնաճը մի կողմից ունի դրական ազդեցություններ, բայց մյուս կողմից եթե գնաճը բարձր է, պետության նոմինալ եկամուտներն ավելի մեծ են և այստեղ պետք է բալանսավորման հարց լուծենք, թե երբ է ճիշտ ժամանակը դա իրագործելու»,-բացատրեց նա: