Անցել ենք ծրագրային բյուջետավորման, բայց իներցիայով շարունակում ենք խոսել և մտածել փողի, ոչ թե արդյունքների մասին. Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց նախարարությունների հետ բյուջեի հաստատման համագործակցության մեխանիզմների մասին։
Ֆինանսների նախարարը նշեց, երբ նախարարությունները ներկայացնում են իրենց բյուջեները, ներկայացվում են նաև դրանց գումարների հաշվարկ հիմնավորումները։
«Մինչև Ազգային ժողով ներկայացնելը, հարցեր են տրվում, ուղղակի որոշ դեպքերում խորության մակարդակը կարող է չլինել։ Իհարկե, ունենք մասնագետներ, ովքեր ոլորտի քաղաքականություններով են զբաղվում, բայց քաղաքականություն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե որ ուղղությամբ, ինչ պետք է անի»,-նշեց Հովհաննիսյանը։
Կյուրեղյանն արձագանքեց՝ համեմատականներ անցկացնելով այս և նախորդ տարվա նախագծերի միջև։
«Հիմա իմ ձեռքին է 2024 և 2025 թվականի նախագծերը, որոնք քոփի փեյսթով են, տողերը, այսինքն՝ ինձ եթե պետք է եղել նպատակը, որը բացակայում էր 2025-ի նախագծի մեջ, ես նայել եմ 2024-ի նախագծի մեջ, բայց սա ձև չի։ Ես տեսնում եմ նույն թվերը, բառերը, ցուցանիշները։ Չգիտեմ՝ դա պատահաբար է արվել, թե միտումնավոր»,- ասաց պատգամավորը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ նա ուրախ է, որ պատգամավորը բարձրացնում է հարցը և որ ավելի շատ է խոսվում արդյունքներից և ծրագրի նպատակներից։
«Կարծում եմ, սա շատ լավ առիթ է, որ մենք մեր գործընկներների հետ աշխատանքի մեջ ավելի ուշադիր լինենք այս հարցերի վրա։ Անկեղծ ասեմ՝ անցել ենք ծրագրային բյուջետավորման, բայց իներցիայով շարունակում ենք խոսել և մտածել փողի, ոչ թե արդյունքների մասին։ Լավ է, որ մենք գնալով ավելի շատ ենք սրան ուշադրություն դարձնում։ Ինչ վերաբերում է ձևաչափին, ներողություն եմ խնդրում դրա համար, և մենք կշտկենք այդ մասը, եթե դա խնդիր է առաջացրել։ Կճշտեմ՝ դա վրիպակ է, թե փորձել ենք ինչ-որ բան լավացնել, բայց վատացրել ենք»,-ասաց նախարարը: