ՀՀ կառավարությունը 7 մլրդ դրամ է տրամադրել գյուղատնտեսական վարկերի նպատակով
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը նախօրեին որոշում է ընդունել Կենտրոնական բանկին տրամադրել 7 մլրդ դրամ` գյուղատնտեսական արտոնյալ վարկավորման ծրագրի իրականացումը շարունակելու համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Կարծում եմ, որ դա գյուղատնտեսությանը ցուցաբերվող կոնկրետ աջակցություն է։ Վարկերը տրամադրվում են դրամով 14 տոկոսով, որից 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, ֆերմերները կվճարեն տարեկան 8 տոկոս», – ասաց Աբրահամյանը։
Նշելով, որ այս տարի սպասվում է հարուստ բերք` վարչապետն ընդգծեց, որ գյուղմթերքը դաշտում չի մնա։
«Կառավարությունը հնարավորինս կօգնի բոլոր վերամշակող ձեռնարկություններին», – ասաց Աբրահամյանը։
Այս տարվա մայիսի դրությամբ արտոնյալ վարկավորման հնարավորությունից օգտվել են ավելի քան 65 հազար ֆերմերական տնտեսություններ։
Ֆերմերներին արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագիրն ընդունվել է 2011 թ.–ի ապրիլի 1–ին։ Ֆինանսավորումն իրականացվել է տարեկան 14% տոկոսադրույքով, որից 4 տոկոսը (սահմանամերձ գյուղերում` 6 տոկոս) սուբսիդավորել է պետությունը։ Վարկավորումն իրականացվել է հայկական դրամով, իսկ վարկերի միջին չափը կազմում է 625 հազար դրամ։ Միաժամանակ վարկերի արտոնյալ ժամականահատվածը տևել է 6 ամիս, ինչից հետո մարվել են միայն տոկոսները, իսկ հետագա վճարների համար տրամադրվել է ևս կես տարի։
2014 թ.–ից գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազել է` հասնելով 12–13 տոկոսի, ինչի արդյունքում այդ վարկերը դարձել են բավականին մատչելի ֆինանսական ռեսուրսներ` հաշվի առնելով 4–6 տոկոսի չափով պետական սուբսիդավորումը։
ԿԲ–ի տվյալներով` գյուղատնտեսական ոլորտում կատարված վարկային ներդրումները 2015 թ.–ի փետրվարին կազմել են 135,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 6 տոկոսով ($1 - 473,05 դրամ)։–0–