Աշխատանքներ են տարվում տեղական պտուղ-բանջարեղենի` դեպի Հունաստան արտահանման ուղղությամբ. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աշխատանքներ են տարվում տեղական պտուղ-բանջարեղենի` դեպի Հունաստան արտահանման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ընկերություններ կան, որոնք աշխատում են Հունաստան արտահանման ուղղությամբ: Կան պայմանավորվածություններ, որ հավաքեն, արդեն ուղարկեն, այսինքն` տեխնիկական հարցեր», - ասաց Պապոյանը ճեպազրույցի ժամանակ:
Հայկական արտադրանքի արտահանման աջակցություն
ՀՀ կառավարությունը 2026 թվականի հունիսի 4-ի նիստում հավանություն է տվել ջերմատնային արտադրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկներ) արտահանման աջակցության ծրագրին։ Նախաձեռնության նպատակն է նպաստել շուկաների դիվերսիֆիկացմանը, մեկ ուղղությունից կախվածության նվազեցմանը և արտաքին շուկաներում հայկական ապրանքների դիրքերի ամրապնդմանը։
Կառավարությունն ընդունել է նաև դեպի ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Կանադա մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանման դեպքում մաքսատուրքերի փոխհատուցման ծրագիրը։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:
Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):
Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա: