ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը Միության պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում․ Օվերչուկ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հարցը շատ բարդ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձեցման դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ առաջանում են»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։
Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 11 տարիների ընթացքում երկիրը ծաղկել է, աճել են կենսամակարդակն ու ՀՆԱ-ն։
«Այս ամենը մեծապես տեղի է ունենում շնորհիվ այն տնտեսական արտոնությունների, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ոչ ոք չի կարող դա փոխարինել Հայաստանի համար»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք այժմ ունի։
«Բայց եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք դրան»,- ասել է նա։
Նշելով, որ հայկական կողմը հայտարարում է ԵՄ-ին ձգտելու և նրանց ստանդարտներին անցնելու մասին, բայց միևնույն ժամանակ ցանկանում է առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել բոլոր տնտեսական արտոնություններից՝ Օվերչուկն ասել է, որ Հայաստանի համար ավելի լավ է արագ կողմնորոշվել, «դա ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի նկատմամբ»։
«Բացի այդ, այս անորոշությունը տնտեսական օպերատորներին ստիպում է սպասողական դիրք գրավել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։ Բայց, ընդգծում եմ, մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իսկ ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- ընդգծել է նա։
Հայաստան-ԵԱՏՄ-ԵՄ. գլխավորը
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին։ Միության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2026 թվականի I եռամսյակում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 1,41 մլրդ դոլար՝ արձանագրելով 15,6% անկում, իսկ Եվրամիության հետ՝ 763,2 մլն դոլար՝ 54,3% աճով։
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ ստանդարտներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան մասնակցել են ԵՄ երկրների, Եվրոպայի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի հիմնական կարգախոսն էր «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։