ՀԾԿՀ նախագահը նշել է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր կայացած ճեպազրույցում նշել է ատոմային էներգետիկայի ոլորտում երկրի առաջնահերթությունները։
«Վերջնական որոշում այս մասով չկա։ Քննարկումների փուլ է, ժամանակ ունենք։ Ես կհորդորեի, որ մեր ինժեներները և պետական գործիչներն առաջին հերթին կենտրոնոնան գործող ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու խնդրի վրա»,- նշեց Մեսրոպյանը։
Պատասխանելով Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման մասին հարցին՝ Մեսրոպյանը հայտարարեց, որ նման սցենարն անցանկալի է համարում և չի ակնկալում դրա իրականացումը։
Նրա խոսքով՝ չնայած Թուրքիայի կողմից Հայկական ատոմակայանի ռիսկերի մասին հայտարարություններին, Հայաստանն առաջնորդվում է սեփական ռազմավարական շահերով։
Անդրադառնալով նոր մոդուլային ատոմակայանի նախագծի հեռանկարներին, Մեսրոպյանն ընդգծեց, որ մինչ Հայաստանում մոդուլային կայանը կսարքեն, աշխարհի առնվազն 8 երկրներում նմանատիպ կայաններ արդեն կառուցված են լինելու։
Նա հավելեց, որ նախքան նոր նախագծի իրականացմանն անցնելը, անհրաժեշտ է երաշխավորել գործող կայանի հուսալի և անվտանգ աշխատանքը։