Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստանն ու Օմանը քննարկել են հայկական թարմ պտուղբանջարեղենի արտահանման հնարավորությունները

17.07.2026, 11:19
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Հայաստանն ու Օմանը քննարկել են հայկական թարմ պտուղբանջարեղենի արտահանման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի հետ, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Օմանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական թարմ պտուղբանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները։

Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը։

«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման հարցի վերաբերյալ։ Այցի շրջանակում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին։