ՀՀ–ն պաշտոնապես իրավունք է ստացել թեփուկավոր ձկներ, խավիար և ձկնկիթ արտահանել ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ, հայտնում է ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչությունը։
Այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն, պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում:
«Չնայած Հայաստանը չունի ելք դեպի ծով, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է, և այն խստորեն վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (SANTE) գործընկերների աջակցությամբ է, որ թույլտվության տրամադրման ուղղությամբ մի քանի տարի ընթացքող տեխնիկական գործընթացը հաջողությամբ ավարտվեց», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ներկայացուցչությունից նաև նշում են, որ այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար։
Ըստ ԱՎԾ–ի՝ Հայաստանի ձկնաբուծության ոլորտում արտադրության համախառն ծավալը 2024 թվականին կազմել է ավելի քան 57,63 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 4,3 տոկոսով։