Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Մեղրիից մինչև Կապան․ Փաշինյանը` երկաթուղային հաղորդակցության ընդլայնման հնարավորությունների մասին

07.10.2026, 17:52
Խաղաղության ինստիտուցիոնալացման և հաստատման գործընթացի առաջընթացի դեպքում կարող է քննարկվել Մեղրիով անցնող երկաթուղային հաղորդակցությունը մինչև Կապան ընդլայնելու հարցը, հայտարարել է Փաշինյանը
Մեղրիից մինչև Կապան․ Փաշինյանը` երկաթուղային հաղորդակցության ընդլայնման հնարավորությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման և հաստատման գործընթացի առաջընթացի դեպքում կարող է քննարկվել Մեղրիով անցնող երկաթուղային հաղորդակցությունը մինչև Կապան ընդլայնելու հարցը։

Այս մասին Փաշինյանը հայտնել է ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով TRIPP-ի շրջանակում Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար անխոչընդոտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին հարցին։

«Ճշգրիտ այնքան ջանքեր, որքան ջանքեր են ներդրվել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան ներպետական հաղորդակցության համար, այսինքն՝ չկա այսօր Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան հաղորդակցություն մի պարզ պատճառով՝ դրա համար կոմունիկացիաներ չկան, այսինքն՝ ճանապարհ չկա, երկաթուղի չկա։ Նույնն էլ վերաբերում է ՀՀ-ին»,– ասել է Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Հայաստանը շահագրգռված է Նախիջանի ուղղությամբ հաղորդակցությամբ

Նա նշել է, որ TRIPP նախագծի նպատակներից մեկը նաև համապատասխան հաղորդակցության ապահովումն է։

«Դա մեզ հետաքրքիր է եղել, որովհետև մենք մեր երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային հաղորդակցություն այսօր չունենք։ Մեզ հետաքրքիր է, որ մենք Ադրբեջանի տարածքով, մասնավորապես Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով, դեպի Սյունիքի մարզ ունենանք հաղորդակցություն»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այս դեպքում խոսքը, ըստ էության, խորհրդային ժամանակներից գործող երկաթգծի՝ Մեղրիով անցնող հատվածի վերականգնման մասին է։

Փաշինյանը չի բացառել երկաթուղու հետագա հասանելիությունը մինչև Կապան

Վարչապետը նշել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման և հաստատման գործընթացի առաջընթացի դեպքում կարող է քննարկվել նաև երկաթուղային հաղորդակցության ընդլայնման հարցը։

«Երբ կգանք այն կետին, որ նաև սոցիալ-հոգեբանական մակարդակում դա կլինի խաղաղություն, ես համոզված եմ, որ ապագայի ինչ-որ մի պահի մենք կանդրադառնանք նաև մինչև Կապան երկաթուղին հասցնելու թեմային»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Կապան–Մեղրի երկաթուղին գործել է, սակայն այն անցել է Մեղրի–Ադրբեջանի տարածք–Կապան ուղով։

«Սա շատ կարևոր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության տեսանկյունից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության տեսանկյունից»,– նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնել է, որ Երասխի հատվածում մրցույթ է հայտարարվել երկաթուղու վերականգնման նպատակով։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:

Երասխի երկաթգծի վերականգնումը

Փաշինյանը նաև հայտնել է, որ Երասխի հատվածում երկաթգծի վերականգնման համար արդեն մրցույթ է հայտարարվել՝ առանց մանրամասներ հայտնելու։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ մրցույթ է հայտարարվել Երասխ – Նախիջևանի սահման և Գյումրի – Ախուրիկ – Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների նախագծման համար։ Նախագծային փաստաթղթերի պատրաստումից հետո նախատեսվում է առանձին մրցույթ հայտարարել շինարարական աշխատանքների իրականացման համար։

Հոկտեմբերի սկզբին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման հատվածների վերականգնմանը։ Նրա խոսքով՝ այդ հատվածները գտնվում են «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարման ներքո, իսկ Մոսկվան սպասում է իր առաջարկին հայկական կողմի պատասխանին։