Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանում 2012թ.–ին ջրամատակարարման միջին շարունակականությունը կազմել է 94,5%` 2011թ.–ի 92,8%–ի դիմաց

23.01.2013, 13:34
«Երևան Ջուր» ընկերությունը փակել է տարին` ապահովելով Երևանում միջինը 94,5% ջրամատակարարման շարունակականություն 2011թ. 92,8% դիմաց (իսկ 2010թ. եղել է 87,8%), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Երևանում 2012թ.–ին ջրամատակարարման միջին շարունակականությունը կազմել է  94,5%` 2011թ.–ի 92,8%–ի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «Երևան Ջուր» ընկերությունը փակել է տարին` ապահովելով Երևանում միջինը 94,5% ջրամատակարարման շարունակականություն 2011թ. 92,8% դիմաց (իսկ 2010թ. եղել է 87,8%), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հատկանշանական է, որ 95%-ն այն ցուցանիշն է, որին «Երևան Ջուր» ՓԲԸ-ն պետք է հասնի մայրաքաղաքում Վարձակալության պայմանագրի ավարտին՝ 2016թ.»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, անցած դեկտեմբերին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 73,3%։

Միևնույն ժամանակ լուրջ ուշադրություն է դարձվել նվազագույն ջրամատակարարում ունեցողների թվաքանակի կրճատմանը: Այսպես, եթե 2010թ. դեկտեմբերին 12-17 ժամ ջուր է ստացել բաժանորդների 8,9%, ապա հաջորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 3,7%, իսկ 2012թ. դեկտեմբերին՝ ընդամենը 3,3%:

Այդ արդյունքները ձեռք են բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, եթե 2011 թվականին «Երևան Ջուր» ՓԲԸ աղբյուրներից վերցրել է 319,5 մլն խորանարդ մետր ջուր (2010թ.-ին՝ 346,2 մլն. խ.մ.), ապա 2012թ. այդ ցուցանիշը նվազել է 12.2 մլն խորանարդ մետրով և կազմել 307,3 խոր.մետր: Այսինքն՝ 12,2 մլն խ.մ. ջուր տնտեսելու պայմաններում  ջրամատակարարումը մայրաքաղաքում ոչ միայն չի վատթարացել, այլև բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, տեխնիկական կորուստների նվազեցման և ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ դարձել է ավելի կայուն:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լեռնային աղբյուրներից ստացվող քաղցրահամ ջրի չափաբաժնի ավելացումը ընդհանուր ծավալի մեջ դրականորեն է ազդել սպառողներին մատակարարվող ջրի որակի վրա ։

Ընկերության ջրի լաբորատորիան իրականացնում է ինչպես աղբյուրներից, այնպես էր օրվա կարգավորման ջրամբարներից ու Երևանի տարբեր վայրերից վերցվող փորձանմուշների ամսական մոտ 1,5 հազար ստուգումներ, որոնց արդյունքները վկայում են՝ մայրաքաղաքի սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

«Առկա ձեռքբերումները, ինչպես նաև մայրաքաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի զարգացման նպատակով մշտապես տարվող աշխատանքները հիմք են տալիս վստահաբար ասել, որ 2013թ. կշարունակվի առաջընթացը սպառողներին կայուն և բարելավվող ջրամատակարարմամբ ապահովելու գործում, ինչպես և դա նախատեսված է Վարձակալության պայմանագրով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Երևան Ջուր» ՓԲԸ–ն Հայաստանի ռեզիդենտն է։ Հիմնադրվել է Generale des Eaux ֆրանսիական ընկերության կողմից, որը 2005թ.–ին հաղթող է ճանաչվել Համաշխարհային Բանկի կողմից հայտարարված «Երևանի ջրատարի» 10 տարի ժամկետով վարձակալության մրցույթում։ –0–