Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Փաշինյան

09.06.2023, 15:37
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց: Այս մասին հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Սոչիում կայացած Եվրասիական 2023թ.-ի կոնգրեսի «Ապագայի Եվրասիա. մարտահրավերներից դեպի լուծումներ» խորագրով պանելային քննարկման ժամանակ
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Փաշինյան
ՍՈՉԻ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Սոչիում կայացած Եվրասիական 2023թ.-ի կոնգրեսի «Ապագայի Եվրասիա. մարտահրավերներից դեպի լուծումներ» խորագրով պանելային քննարկման ժամանակ:

«Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Մեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում», - ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

«Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց», - ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց անցումը դեպի «կանաչ էներգետիկա» և նշեց, որ Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը:

Վարչապետի խոսքով, հետաքրքիր է նաև վերականգնվող էներգիայի զարգացման ուղիների քննարկումը, ինչն աջակցում է կայուն զարգացմանը տարածաշրջանում: Ներդրում կատարելով այս ուղղության մեջ՝ կարելի է պայքարել կլիմայի փոփոխության դեմ:
Փաշինյանը կարևորեց նաև միջուկայի էներգիայի զարգացումը, որն ավելացնում է ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը: Այս նպատակով երկարացվում է հայկական ԱԷԿ-ի գործունեության ժամկետը, ինչպես նաև քննարկվում է նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունը:
Նա հեռանկարային համարեց արհեստական բանականության և նորարարությունների, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացումը:

Նրա խոսքով, զարգացման համար անհրաժեշտ են տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և էկոլոգիական հավասարակշռություն:

«2022թ.-ին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է տպավորիչ աճ՝ 12,6%: Դա ամենաբարձր աճն է 2008թ.-ից: Արտահանման աճը կազմել է 77,7%, ԵԱՏՄ երկրներ իրականացվող արտահանումը եռապատկվել է», - հիշեցրեց Փաշինյանը:

Վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2022թ.-ին հասել է 14,1մլրդ դոլարի, ինչը 68,8%-ով ավել է 2021թ.-ի ցուցանիշից: Միաժամանակ արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5,4մլրդ դոլար՝ գրանցելով 77,7%-ի աճ, իսկ ներկրումն ավելացել է 63,5%-ով՝ հասնելով 8,8մլրդ դոլարի:-0-