ԵԶԲ–ն 2023թ.–ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ–ի 7,5%–անոց աճ, իսկ 2024–2025թթ.–ին` 5%
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբաններն ակնկալում են, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության աճը կկազմի 7,5%։
Ինչպես նշվում է ԵՏՄ–ի 2023–2025թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ, կանխատեսումը բարձրացվել է` հաշվի առնելով առաջին եռամսյակի ուժեղ տնտեսական ցուցանիշներն ու մի շարք այլ գործոններ։ Բանկի փորձագետները նշում են, որ 2024–2025թթ.–ին Հայաստանի տնտեսությունը կավելանա տարեկան մոտ 5%–ով։
2022թ.–ի ազդեցությունը
ԶԼՄ–ների համար ԵԶԲ–ի մեկնաբանություններում նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը դարձել է համաշխարհային առաջնորդներից մեկը 2022թ.–ին ՀՆԱ–ի աճի տեմպերով։ Ուժեղ արդյունքները պահպանվում են նաև տարեսկզբին։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները հունվար–ապրիլին ավելացել են 12,2%–ով, աճը հիմնականում ապահովել են ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները։
Երկիր մուտք գործող դրամական փոխանցումների ծավալի ակտիվ աճը նախկինի պես ապահովում է բարձր սպառողական պահանջարկ։ Ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումներն ընթացիկ տարվա հունվար–մարտին ավելացել են 2,8 անգամ և կազմել 1,5մլրդ դոլար։ Երկրում պահպանվում է ներդրումային պահանջարկի բարձր մակարդակ։ Հունվար–մարտին հիմնական կապիտալում արված ներդրումներն ավելացել են 13 տոկոսով։ Տնտեսությանն աջակցում է նաև բարձր տուրիստական ակտիվությունը, առաջին եռամսյակում երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 80 տոկոսով։
2023–2024թթ.–ի կանխատեսումներ
2023թ.–ին ՀՀ ՀՆԱ–ի 7,5%–անոց աճի մասով ԵԶԲ–ի կանխատեսման լավացումը տեղի է ունեցել ՌԴ–ի մասով կանխատեսումը դեպի դրական վերանայելու, ինչպես նաև առաջին եռամսյակում նախորդ տարվա աճի գործոնների պահպանման ֆոնին` մաքուր արտահանման ավելացում և երկրում օտարերկրյա քաղաքացիների զգալի թիվ։ Ընթացիկ տարում և առաջիկա մի քանի տարում աճին կաջակցեն նաև Ամուլսարի հանքավայրի վերագործարկումն ու հարկաբյուջետային քաղաքականությունը։
2023թ.–ի վերջին ակնկալվում է մոտ 2,5%–ի գնաճ։ Գների աճը տարվա մյուս հատվածում կարող է մի փոքր ավելի ցածր լինել կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշից։ Գների աճը զսպող մնացած գործոններից են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ 2024թ.–ի վերջին գների աճը Հայաստանում կանխատեսվում է 3,3%–ի սահմանում։
Հաշվի առնելով գնաճի կայուն դանդաղումն ու սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը` ԵԶԲ–ն հնարավոր է համարում, որ ՀՀ ԿԲ–ի հունիսյան նիստին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցվի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է նվազել մինչև տարեկան 9 տոկոս մինչև ընթացիկ տարվա վերջ։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2022թ–ի պետբյուջեում նախատեսված է 7% չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։ ԿԲ–ի մարտի կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 5,8%–ով, իսկ 12–ամսյա գնաճն աստիճանաբար կդանդաղի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա 4 տոկոս թիրախային ցուցանիշի շուրջ։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,1 տոկոսով։ ԱՄՀ-ն կանխատեսում է 5,5 տոկոսի աճ։Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի ՀՆԱ–ն 2023թ.–ի առաջին եռամսյակում, նախնական տվյալներով, գրանցել է 12,1 տոկոսի աճ` 2022թ.–ի հունվար–մարտի համեմատ։–0–