ՌԴ էներգետիկայի նախարարությունից հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան–Նուայմին երեքշաբթի բանակցություններ են վարել նավթի արդյունահանման սառեցման շուրջ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:
«Մենք հաստատում ենք բանակցությունների փաստը», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Բանակցություններն անցկացվել են Դոհայում ապրիլի 17–ին նախատեսված նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպման նախօրեին:
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան աշխարհում նավթ արդյունահանող և արտահանող խոշորագույն երկրներն են: Այս երկու երկրների միջև նավթի արդյունահանման սառեցման շուրջ պայմանավորվածությունը Դոհայում սպասվող հանդիպման հաջողության հիմնական գործոններից մեկն է:
Հաջորդ գործոնը պայմանավորվածությունների մեջ Իրանի մասնակցությունն է, որը նախատեսում է աստիճանաբար ավելացնել նավթի արդյունահանումը միջազգային պատժամիջոցները չեղարկելուց հետո, որոնք կիրառվել են այդ երկրի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով:
Ընդ որում, Նովակի խոսքով, նավթի արդյունահանման սառեցման շուրջ համաձայնագիրը հնարավոր է նաև առանց Իրանի մասնակցության: Նախարարը նշել է, որ ոչ ոք չի ստիպելու միանալ համաձայնագրին: -0-