ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հավանության է արժանացրել աշխարհի խոշորագույն ավիաընկերության ստեղծման գաղափարը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել American Airlines–ի և US Airways–ի միաձուլմանը։ Պաշտոնյաներին հաջողվել է երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ կնքել հակամենաշնորհային համաձայնագիր։ Միավորման արդյունքում կստեղծվի աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը, գրում է РБК –ն` հղում անելով Reuters–ին։
Պայմանավորվածության համաձայն, նոր ընկերությունը պետք է բյուջետային ավիափոխադրողներին 52 զույգ սլոտ փոխանցի ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններում թռիչքի և վայրէջքի համար` մենաշնորհային դիրք չզբաղեցնելու համար։ Խոսքը Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի և այլ օդանավակայանների մասին է։
Սլոտն ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի իրականացման համար տրամադրվող ժամանակահատվածն է։ Ծանրաբեռնված խոշոր օդանավակայաններում սլոտերը կարող են շատ թանկ արժենալ։ Ռեյգանի օդանավակայանում սլոտերի 69 տոկոսը վերահսկում են American Airlines–ն ու US Airways–ը։ Ըստ պայմանավորվածության` այդ մասնաբաժինը կնվազնի մինչև 57 տոկոս։
Դրական նորությունների ֆոնին American Airlines–ի բաժնետոմսերի գինն աճել է 26 տոկոսով։ 2011 թ.–ին American Airlines–ը սնանկության մասին հայտ էր ներկայացրել, գործով լսումները կշարունակվեն նոյեմբերի 21–ին։ Մինչ այդ ընկերության վերակազմավորման ծրագիրն արդեն հավանության է արժանացել, այժմ հարկավոր է դաշնային հակամենաշնորհային մարմինների թույլտվությունը, և ավիափոխադրողի տխուր պատմության մեջ կարելի է դրական վերջակետ դնել, ընկերության փորձությունները վերջապես կավարտվեն։ Ակնկալվում է, որ American Airlines–ի և US Airways–ի միաձուլման գործընթացը կավարտվի դեկտեմբերի առաջին կեսին։
11 մլրդ դոլարի գործարքը հավանության է արժանացել ԱՄՆ–ի դաշնային դատարանի և ԵՄ–ի կողմից 2013 թ.–ի մարտին։ Սակայն այնուհետև դաշնային կառավարությունը հայց էր ներկայացրել, որտեղ նշվում էր, որ երկու ավիափոխադրողների միավորումը «զգալիորեն կնվազեցնի մրցակցությունը» ԱՄՆ–ի ներքին շուկայում, ինչի հետևանքով կաճեն ավիատոմսերի գները, իսկ դրանից կտուժեն սպառողները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:59 13.11.2013