Համաշխարհային բանկը ԱՊՀ երկրներում տնտեսական զարգացման դանդաղում է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների տնտեսությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում։ Այս մասին նշվում է երեքշաբթի Համաշխարհային բանկի (ՀԲ) հրապարակած զեկույցում, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
«ԱՊՀ զարգացող երկրների շրջանում նկատվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում», – նշվում է ուսումնասիրության մեջ։ Նման վիճակի հանգեցրած հիմնական գործոնների թվում ուսումնասիրության հեղինակները նշում են «հիմնական առևտրային գործընկերներ համարվող պետություններում զարգացման դանդաղումը (այս դեպքում խոսքն, առաջին հերթին, Ռուսաստանի և Չինաստանի մասին է, ԻՏԱՌ–ՏԱՍՍ), աշխարհաքաղաքական տարաձայնությունները, մետաղների և հանքանյութերի գների նվազումը»։
ՀԲ մասնագետների տվյալներով` «Ղազախստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի ամենամսյա արտադրական ցուցանիշները 2014 թ.–ի սկզբին կտրուկ անկում են ապրել»։ Բացի այդ, ըստ մասնագետների` «Ռուսաստանում և Չինաստանում ակտիվության դանդաղումը հանգեցրել է Ղազախստանում աճի զսպմանը, որի համար այդ պետությունները հիմնական առևտրային գործընկերներն են»։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ տարբեր պատճառներով ցուցանիշների նվազում կգրանցվի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում։
«Առաջիկայում ցուցանիշների վատացումը կապված է Ղազախստանի և Ուկրաինայի տնտեսությունների թուլացման, ինչպես նաև Ռուսաստանում աճի տեմպերի դանդաղման հետ», – նշվում է զեկույցում։
Եթե 2013 թ.–ին, նախնական գնահատականներով, տարածաշրջանային ՀՆԱ—ի աճի տեմպերը պետք է կազմեին 4 տոկոս, ապա ներկա գնահատականներով, ՀԲ–ի կանխատեսմամբ` դրանք կարող են նվազել` կազմելով 2,2 տոկոս։
Իհարկե, նման վատացումը չպետք է շարունակական լինի։ Բանկի մասնագետները կարծում են, որ արդեն հաջորդ տարի այդ ցուցանիշը կբարձրանա` հասնելով 4,6 տոկոսի, իսկ 2016 թ.–ին` 4,9 տոկոսի։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:33 11.06.2014